«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ձեռքբերված էլեկտրական ավտոբուսններն արդեն Գյումրիում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 5 էլեկտրական ավտոբուս։
«Ինչպես որ գնացքն է առաջինը Գյումրի մտել, այնպես էլ ամբողջ Կովկասում առաջին էլեկտրական ավտոբուսները մտան Գյումրի: Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի իր մեջ, այդ թվում նաև՝ ավտոբուսները, որոնք ամբողջությամբ էլեկտրական են: Մենք ինֆորմացված ենք, որ Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրի են մտնում: Մեզ մոտ կարծես ավանդույթ է. գնացքն էլ առաջինը Գյումրի է մտել, սա պարծենալու բան է: Մտածում ենք՝ աստիճանաբար մեր երթուղայինները փոխարինել էլեկտրական ավտոբուսներով: Այդ մասով արդեն քննարկում ենք հնարավոր ծրագրերն ու միջոցները»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ տեղեկացնելով, որ էլեկտրական ավտոբուսներն արագ շարքից դուրս չգալու համար կերթևեկեն բարեկարգված ու լայն փողոցներով: Ուղեվարձն, ըստ քաղաքապետի, կլինի 100 դրամ, այնքան, որքան երթուղային տրանսպորտի արժեքն է: Ավտոբուսներն ունեն 1 տարվա երաշխիքային սպասարկում:
«ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ծրագրի նպատակն է եղել նպաստել Գյումրի և Վանաձոր համայնքների կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։
0Comments