Հատուկ օպերացիա՝ Գեղարքունիքում. Երևանից ժամանել են մեծ թվով բերետավորներ, բերման են ենթարկվել 30-ից ավելի մարդ

Մանրամասներ
Հատուկ օպերացիա

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում ոստիկանականան հատուկ օպերացիա է իրականացվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Երևանից Գեղարքունիքի մարզ են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայիններ, որոնք համագործակցելով տեղի ոստիկանական ծառայությունների հետ, 30-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանության Սևանի և Գավառի բաժիններ:

Կայքի տեղեկություններով՝ բոլորը կասկածվում են ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու մեջ և բերման ենթարկվածների մեջ մեծ թիվ են կազմում նորատուսցիները:

Այս պահին էլ ոստիկանության հատուկ օպերացիան ապօրինի ձկնորսության դեմ պայքարում շարունակվում է: 

Ավելի վաղ Live24.am-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում կրքերը չեն հանդարտվում ջրային պարեկներ-ձկնագողեր հակամարտությունը շարունակվում է: Երեկ գիշերվանից մի քանի գյուղերի ձկնաորսներ հավաքվել են Նորատուս գյուղում և պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին:

Ոստիկանությունը, որ արդեն 3 օր է հերթապահում է՝ ձկնաորսների և ջրային պարեկների միջև բախումները կանխելու համար, մի ոտք առաջ է ընկել, գյուղից դուրս եկողներին բերման են ենթարկում:

«Մեծ ու փոքր տանում են, բերման ենթարկվածների մեջ անչափահասներ էլ կան: Այսօր առավոտից ոստիկանության կարմիրբերետավորների հետ միասին ջրային պարեկները հավաքել ու անհայտ ուղղությամբ տարել են ձկնաորսների լոդկաները: Մենք նախ հիմա պահանջում ենք, որ գիշերը ձերբակալվածներին ազատ արձակեն: Իսկ գլխավոր պահանջն այն է, որ մինչև ամսի 30-ը թույլ տան ձուկ որսալ, հացի փող աշխատել»,-ասել է նորատուսցիներից մեկը «Հրապարակ»-ին:

Ձկնորսների բողոքը պայմանավորված է Սևանում ջրային պարեկների՝ ձկնագողության արգելքով:

Օրեր առաջ ձկնորսները կրկին փակել էին մայրուղին, պահանջում էին հանդիպում  մարզպետի և շրջակա միջավայրի նախարարի հետ՝ նշելով, որ  ճանապարհը չեն բացի մինչև հանդիպումը տեղի չունենա: