ՌԴ-ն իր անգործությամբ աջակցել է ակնհայտորեն կեղծ և խիստ վտանգավոր թեզին, հետամուտ չի եղել և բացարձակ անտարբերություն է դրսևորել․ ՀՀ ԱԳՆ խոսնակը պատասխանել է Մարիա Զախարովային

Մանրամասներ
անի բադալյան զախարովա

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ

«ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։

Ստիպված ենք հրապարակավ հիշեցնել հետևյալ՝ արդեն իսկ հանրահայտ ժամանակագրությունը և էական հանգամանքները.

• ԼՂ հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև. այն իր էությամբ մշտապես եղել և շարունակում է լինել ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հիմնահարց:

• 2022թ. օգոստոսին հայկական կողմն իր հավանությունն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծին, համաձայն որի ԼՂ կարգավիճակի քննարկումը պետք է հետաձգվեր անորոշ ժամանակով։ Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար հայտարարելով (ինչպես օգոստոսի 31-ին Բրյուսելում), որ չի պատրաստվում ԼՂ հետ կապված ոչինչ քննարկել Հայաստանի հետ, և օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, ռազմական ագրեսիայի է դիմել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

• Ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից հետո հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ՝ այդպես էլ անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը։ Ավելին, Հայաստանի վրա հարձակման՝ իր կողմից արձանագրման բացակայությունը և դրանից բխող անգործությունը ՌԴ-ն պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատված չլինելու կեղծ պատրվակով՝ դրանով իսկ կամա թե ակամա աջակցելով այն ակնհայտորեն կեղծ և խիստ վտանգավոր թեզին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, հետևաբար սահմանների վրա հարձակումը և Հայաստանի տարածք ներխուժումն էլ դժվար է հավաստել: Մոտավորապես նույն մտայնությամբ պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանի նույնանման դիմումը նաև ՀԱՊԿ շրջանակներում»: