Աջակցում ենք Հայաստանի ջանքերին՝ միտված խաղաղ լուծմանը. Պետեր Ֆիալա

Մանրամասներ

Պետք է շարունակենք ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն խաղաղ լուծմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամլո ասուլիսին պատասխանելով Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ Չեխիայի դիրքորոշմանը վերաբերող հարցին՝ հայտարարեց Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան:

«Մենք սրա համար հնարավորություն ստեղծել ենք Պրահայում, աջակցում ենք Հայաստանի ջանքերին՝ միտված խաղաղ լուծմանը: Կարծում եմ, որ չպետք է այս ճանապարհին խոչընդոտները կամ խնդիրները դիտարկենք, ընդհակառակը մենք պետք է փորձենք տևական խաղաղության հասնել, իսկ դա անելու համար մեզ անհրաժեշտ է նաև մյուս կողմը: Մեզ պետք են ադրբեջանցիները: Մեզ երկու կողմերից անհրաժեշտ է բարի կամք. այդպես չէ, որ մենք լուռ կմնանք և չենք մեկնաբանի: Մենք ԼՂ մարդասիրական իրավիճակի վերաբերյալ, որի պատճառը Լաչինի միջանցքի շրջափակումն է, մտահոգություններ հայտնել ենք: ԵՄ-ը հայտարարություն է արել, և մենք այդ հայտարարությանը կողմ ենք, սատարում ենք, և այնտեղ կոչ է արվում ապահովել անվտանգությունը, ապահովությունը և ԼՂ բնակիչների տեղաշարժի ազատությունը, մի շարք այլ բաներ ևս, բայց մենք պետք է ապագայի մասին մտածենք»,- ասաց Ֆիալան:

Նա նշեց, որ շատ բարձր է գնահատում խաղաղության միտված դիտանկյունը, որով խնդրին անդրադառնում է ՀՀ վարչապետը:

«Ես դա ճիշտ մոտեցում եմ համարում, դա է ճիշտ ուղին, նա կարող է ակնկալել մեր, ԵՄ աջակցությունը և այլ անդամ-պետությունների աջակցությունը, քանի որ մենք պետք է մտքում պահենք մի հանգամանք. սա չի կարող ժամանակավոր լուծում լինել, մենք բոլորս պետք է դիտարկենք, թե ինչպես կարելի է լավագույն մոտեցումն և զարգացում ապահովել Հայաստանի համար, իսկ դրա համար անհրաժեշտ է մնայուն, տևական խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում: Սա պետք է մեր ընդհանուր նպատակը լինի, մենք բոլոր աշխատանքներում պետք է դրան միտված լինենք»,- ասաց Չեխիայի վարչապետը: