Տիգրան Ավինյանի վիճակը լրջանում է. Հետաքրքիր փաստաթղթեր են հայտնաբերվել

Մանրամասներ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակի խուզարկության ընթացքում իրավապահները «հետաքրքիր» փաստաթղթեր են հայտնաբերել, որոնց առնչությամբ հետագայում կարող են ուշագրավ զարգացումներ լինել։

Ինչպես հայտնի է՝ Գևորգ Սիմոնյանը Տիգրան Ավինյանի մտերիմներից է, որի աշխատասենյակում խուզարկությունն անակնկալ է եղել շատերի համար։

Քննությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խուզարկության ընթացքում Սիմոնյանի համակարգչում իրավապահները ցուցակներ են գտել, որոնք վերաբերել են առաջիկա Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ պոլիկլինիկաների եւ շտապօգնության աշխատակիցների ներգրավմանը։

Բացի այդ՝ պարզվում է արդեն ցուցակագրել են այն գլխավոր բժիշկներին, ու ընդհանրապես այն բժիշկներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատել ընտրություններում Ավինյանի համար։

Փաստաթղթերից մեկով էլ պարզվել է, որ վերջերս որոշ լոյալ բուժաշխաղներ ազատվել են աշխատանքից։

Բնականաբար Սիմոնյանն ինքնագլուխ չի ներգրավվել վարչական ռեսուրսի կիրառման գործում, այլ ամենայն հավանականությամբ քաղաքական իշխանության թողտվությամբ, եթե չասենք կազմակերպմամբ ու հրահանգով, սակայն նախատեսված չի եղել, որ դրանք հասու կլինեն իրավապահներին։

Շատերը զարմացած են, որ նման ցուցակները փոխքաղաքապետը բացահայտ պահել է համակարգչի մեջ։

Իհարկե, բացատրություն կփորձեն գտնել ու այս փուլում դարակներում գուցեեւ զմռսեն, սակայն ակնհայտ է, որ քաղաքական իշխանության ձեռքում հայտնվեց եւս մեկ կարեւոր գործիք՝ Տիգրան Ավինյանին վերահսկողության տակ պահելու համար։

Մամուլն արդեն գրել է, որ Երեւանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն ունի բավական ցածր վարկանիշ, սակայն իշխանությունները լծվել են նրան քաղաքապետ դարձնելու գործին, որի ուղղությամբ վարչական ռեսուրսի կիրառումը սկսվել է դեռեւս նրան քաղաքապետի տեղակալ նշանակելով։

Սակայն Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մեջ ամենեւին չի մտնում Ավինյանի ինքնավստահ ինքնուրույնությունը ու նրան վերահսկողության տակ պահելու մեխանիզմների փնտրտունքները միշտ էլ եղել են առաջնային։

Հետեւապես բացառված չէ, որ ընտրություններում վարչական ռեսուրսի հնարավոր կիրառմանը վերաբերող խուզարկությամբ ձեռք բերված ապացույցները եւս պահվեն դարակներում՝ դրանք ըստ անհրաժեշտության Ավինյանի դեմ օգտագործելու համար, ինչպես եղավ «Քովիդի» գործը։ «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ չապաշահումները Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է շուրջ երկու տարի առաջ, որոնք ուղարկվել էին իրավապահներին, սակայն միայն հիմա է դրանց ընթացք տրվում։

Կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման ու արձանագրված չարաշահումների համար պատասխանատուն ոչ միայն այն ժամանակվա առողջապահության նախարարն է, այլ նաեւ Տիգրան Ավինյանը, որը եղել է պարետը ու հենց նա է համակարգել ամբողջ գործընթացը։

Հետեւապես՝ կամ Ավինյանը որպես կառավարիչ ու ղեկավար այնքան 0 է, որ չի կարողացել համակարգել կամ էլ մեղսակից է արձանագրված չարաշահումներին։

Երկու դեպքում Ավինյանը մեղմ ասած, ամենեւին էլ շահեկան վիճակում չի հայտնվում։