Վրաստանի պաշտպանության նախարարությունն այսօր ցուցադրել է ապագա վրաց-լեհական անօդաչուները, որոնց սերիական արտադրությունը կսկսվի ապրիլին, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
Փորձարկումներին, որոնք տեղի են ունեցել «Կրծանիսի» ուսումնական կենտրոնի տարածքում, ներկա էին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներ Ջուանշեր Բուրչուլաձեն եւ Վախթանգ Գոմելաուրին։
Delta-Webe LLC համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է անցած տարի վրացական «Դելտա» եւ լեհական WB Electronics S.A ընկերությունների կողմից։
Այս փուլում խոսքը վերաբերում է երկու մոդելների արտադրությանը՝ FLY EYE, որը հետախուզական անօդաչու է, թույլ է տալիս իրականացնել գաղտնի դիտարկումներ օրվա ցանկացած ժամի, եւ WARMATE, որը խոցման բարձր ճշգրտությամբ կամիկաձե դրոն է։
Այս սարքերն օգտագործվում են Լեհաստանի եւ ՆԱՏՕ-ի այլ երկրների բանակների եւ հատուկ նշանակության ուժերի կողմից։
Վրաստանի պաշտպանության նախարարությունն արդեն Delta-Webe-ի հետ ստորագրել է համաձայնագիր տարածաշրջանում առաջին ուսումնական կենտրոնի ստեղծման մասին, որտեղ կուսուցանեն աշխատանքն անօդաչու սարքերի հետ։ Կենտրոնում կվերապատրաստվի Վրաստանի Պաշտպանության ուժերի կազմը։
0Comments