Վաշինգտոնը չի առարկի գերմանական «Լեոպարդ» տանկերի Ուկրաինա տեղափոխմանը. Բունդեսթագ

Մանրամասներ
ա

Բունդեսթագի պաշտպանության կոմիտեի ղեկավար Մարի-Ագնես Շտրակ-Ցիմմերմանը հաստատել է, որ ԱՄՆ-ը հավանություն կտա Գերմանիայից Ուկրաինայի զինված ուժերին Leopard 2 տանկերի փոխանցմանը։

Ուկրաինային ծանր սպառազինության, այդ թվում՝ տանկերի և ռազմական ինքնաթիռների փոխանցումը նրա արևմտյան դաշնակիցների միջև թեժ քննարկվող թեմա է: Ուկրաինայի իշխանությունները, ինչպես նաև մի շարք երկրներ, հիմնականում՝ Արևելյան Եվրոպայի, պնդում են, որ առանց նման հարձակողական համակարգերի օկուպացված տարածքների ազատագրումը չափազանց խնդրահարույց կլինի և բազմաթիվ կյանքեր արժենա։

Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ և առաջին հերթին ԱՄՆ-ն սառն են արձագանքում այդ կոչերին՝ մտավախություն հայտնելով, որ Ուկրաինայի վճռական հաջողությունները մարտի դաշտում կհանգեցնեն հակամարտության սրման։

Մինչ այժմ Միացյալ Նահանգները Ուկրաինային չի փոխանցել արևմտյան արտադրության ինքնաթիռներ, տանկեր և հեռահար հրթիռներ և թույլ չի տվել դա անել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին։

Նախօրեին գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը Գերմանիային ծանուցել է Ուկրաինային գերմանական Leopard 2 տանկերի մատակարարման հաստատման մասին, եթե գերմանական կողմը նման որոշում կայացնի։

«Դա հաստատվեց նաև Վաշինգտոն կատարած իմ այցի ժամանակ՝ Պետքարտուղարությունում, Կոնգրեսում և Սենատում իմ քննարկումների ժամանակ: Մեր գործընկերներն ակնկալում են, որ Գերմանիան կկատարի իր պարտավորությունները», գրել է Շտրակ-Ցիմմերմանը Twitter-ում։ «Մենք չպետք է լքենք Ուկրաինային. Ձեզ տանկեր են պետք»,- հավելել է նա։