Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայում ծովային անօդաչուների նավատորմ կստեղծվի

Մանրամասներ

Ուկրաինայում հաջորդ շաբաթ կսկսվի ծովային անօդաչուների նավատորմի ստեղծման համար դրամահավաքը, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում։

Նա վստահություն է հայտնել, որ միլիոնավոր ուկրաինացիներ կաջակցեն այդ գաղափարին. «Կարծում եմ, բոլորը հասկանում են, թե դա ինչ է և ինչի համար է... Բոլորն արդեն տեսել են, թե ինչպես է այն աշխատում»:

Զելենսկին ընդգծել է, որ նախաձեռնությունն ուղղված է բացառապես Ուկրաինայի ծովային տարածքի պաշտպանությանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի զինված ուժերը սևծովյան նավատորմի նավերի վրա հարձակվելու համար օգտագործել են ռազմածովային անօդաչու սարքեր։ Գերատեսչությունը պնդում է, որ անօդաչուները գործարկվել են Օդեսայի մերձակա ափից, շարժվել են մարդասիրական միջանցքի անվտանգության գոտու երկայնքով, որով հացահատիկ է արտահանվում Ուկրաինայի նավահանգիստներից՝ միջազգային պարենային գործարքի շրջանակներում։

Այնուհետև, ինչպես հայտնել են նախարարությունից, անօդաչուները շեղել են իրենց երթուղին դեպի Սևաստոպոլում գտնվող ռուսական նավաբազա։

Ընդհանուր առմամբ, ըստ ռուսական կողմի, հարձակմանը մասնակցել է ինը թռչող և յոթ ծովային անօդաչու սարք, որոնք ոչնչացվել են: Վնասվել է «Իվան Գոլուբեց» ծովային ականակիրը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևը գործել է «արևմտյան կուրատորների աջակցությամբ»: ՌԴ պաշտպանության նախարարությունը նշում է, որ հարձակման նախապատրաստումը տեղի է ունեցել բրիտանացի մասնագետների ղեկավարությամբ, Լոնդոնը հերքում է մեղադրանքները։

Դրանից հետո Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը հացահատիկային գործարքին, սակայն նոյեմբերի 2-ին հայտարարել է դրան վերադառնալու մասին, քանի որ Կիևը «հստակ երաշխիքներ» է տվել, որ նման հարձակում չի կրկնվի։ Ուկրաինայի ԱԳՆ-ն պատասխանել է, որ երկիրը նոր պարտավորություններ չի ստանձնել հացահատիկային գործարքի հետ կապված։ Պաշտոնապես Ուկրաինայի իշխանությունները չեն հաստատել իրենց առնչությունը Սեւաստոպոլում տեղի ունեցածին։