Այս օրերին համագործակցության ընդլայնման եւ փորձի փոխանակման նպատակով Երեւանում է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակությունը՝ ուրբանիզմի եւ բարեկարգման ինստիտուտի փորձագետների հետ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս 2018-ի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետի փարիզյան այցի եւ արդեն նոյեմբերին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ երեւանյան հանդիպման ժամանակ:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պատվիրակության անդամների հետ հանդիպմանը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներն ու նախատեսվող քաղաքաշինական փոփոխությունները: Առանձնացնելով ծրագրային առաջնահերթությունները՝ քաղաքի գլխավոր ճարտապետը նկատել է, որ նախատեսվում է կառուցել մետրոյի նոր կայարան եւ ճոպանուղի, որի մրցույթին, ի դեպ, մասնակցության ցանկություն է հայտնել նաեւ մի ֆրանսիական ընկերություն:
«Երեւանի համար սա հետաքրքիր ժամանակաշրջան է: Քաղաքաշինական կանոնակարգումները պետք է լինեն գրեթե սպիտակ էջից սկսելու մոտեցմամբ: Այս առումով ձեր այցը չափազանց կարեւոր է: Իհարկե, մեր միջեւ կան մշակութային տարբերություններ, սակայն բոլորս էլ ցանկանում ենք մերօրյա քաղաքաշինության մեջ կիրառել նոր մոտեցումներ»,- նկատել է Արթուր Մեսչյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության եւ ներկայացված տեղեկատվության համար՝ պատվիրակության անդամ, ուրբանիզմի եւ բարեկարգման ինստիտուտի միջազգային համագործակցության հարցերով պատասխանատու Էրիկ Հույբրեշտը նկատել է, որ Երեւանն այսօր իր առջեւ բարձր նշաձող է դրել: Խոսելով գործակցության հստակ քայլերի մասին՝ հյուրերը նշել են, որ իրենց այցի նպատակն է՝ ցույց տալ նորարարությունների կիրառման հնարավորությունները եւ ցուցաբերել տեխնիկական աջակցություն:
«Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակում» հյուրերը հետաքրքրվել են ենթակառուցվածքների բարելավման ներդրումային ծրագրերով: Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել են նաեւ բնապահպանության ոլորտի եւ քաղաքի կանաչ գոտիների վերականգնման խնդիրներն ու առաջիկա անելիքները:
0Comments