«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակահոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ կոռուպցիայի ընկալման համաթվի 2018 թվականի աղյուսակը գլխավորում են Դանիան և Նոր Զելանդիան՝ համապատասխանաբար 88 և 87 միավորներով, ինչը նշանակում է, որ դրանք ամենամաքուր երկրներ են, իսկ Հայաստանն այս աղյուսակում 105-րդն է՝ 35 միավորով։
Վարուժան Հոկտանյանի խոսքերով 180 երկրների շարքում Հայաստանը 105-ից 113-րդ տեղերը կիսում է Ալժիրի, Բրազիլիայի, Կոտ Դ'Իվուարի, Եգիպտոսի, Սալվադորի, Պերուի, Թիմոր-Լեստեի և Զամբիայի հետ։ Կոռումպացված երկրները չափվում են 100 բալանոց համակարգով, այն երկրները, որոնք ավելի քիչ են կոռումպացված, ավելի մոտ են 100 բալին:
«Հայաստանը շարունակում է ներառված մնալ Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ, որը հանդիսանում է կոռումպացված տարածաշրջան: Եթե տվյալ երկրի համաթիվը 50-ից ցածր է, ապա կոռուպցիան ունի համակարգային բնույթ»,-նշեց Վարուժան Հոկտանյանը։
Բանախոսի փոխանցմամբ՝ տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը, նախկին խորհրդային երկրներից զիջում է Վրաստանին և Բելառուսին, որոնց Կոռուպցիայի ընկալման 2018 թ. համաթվերի արժեքներն են՝ համապատասխանաբար 58 և 44: Հայաստանը շարունակում է զիջել նաև Թուրքային, որի՝ 2018 թ. համաթվի արժեքը կազմել է 41:
Խոսելով տարածաշրջանի մյուս երկրների մասին՝ Վարուժան Հոկտանյանն ասաց, որ Հայաստանին շարունակում են զիջել Ադրբեջանը և Իրանը՝ 25 և 28 ԿԸՀ համաթվերի արժեքներով:
0Comments