Պուտինը Վենեսուելայի օրինական իշխանությունների կողքին է

ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մադուրոյի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրսից հրահրված ներքին քաղաքական ճգնաժամի պայմաններում իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի օրինական իշխանություններին։ Այս մասին նա հայտնել է Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պուտինն ընդգծել է, թե «ապակառուցողական արտաքին միջամտությունը կոպտորեն խարխլում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը»։ Նա ասել է, որ լուծումները պետք է գտնվեն սահմանադրության շրջանակներում եւ վենեսուելական հասարակության մեջ տարաձայնությունները խաղաղ երկխոսության միջոցով հաղթահարելու ճանապարհով։

Մադուրոն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը նման սկզբունքային դիրքորոշման համար։

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։