Ընկերոջը որպես ուղեբեռ հանձնելու համար 5 երիտասարդ է ձերբակալվել Ղազախստանի օդանավակայանում

Նրանք դա անում էին համացանցում հայտնի դառնալու համար

Ղազախստանի Ալմաթի քաղաքի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ձերբակալել են 20-26 տարեկան 5 ղազախստանցու, որոնք փորձել են, իրենց ընկերոջը որպես ուղեբեռ հանձնելով, տեսանյութ նկարել և համացանցում հայտնի դառնալ, գրում է РИА Новости-ն: 
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 23-ի երեկոյան: Երիտասարդներից մեկը պայուսակը դրել է ուղեբեռի քաշը ստուգելու համար նախատեսված սարքի վրա: Պարզվել է՝ ուղեբեռը գերազանցել է անվճար տեղափոխման համար սահմանված 23 կգ-ը, և օդանավակայանի աշխատողն առաջարկել է այն մասնատել կամ հավելավճար մուծել:
Ավելի ուշ աշխատակիցներից մեկն ուղեբեռի միջից մարդկային ձեռք է նկատել և անմիջապես կանչել անվտանգության աշխատակիցներին, որոնք ձերբակալել են ուղեբեռից արդեն դուրս եկած երիտասարդին:
Օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այդ ընթացքում մյուս երիտասարդները դեպքը նկարահանելիս են եղել, սակայն տեսանյութը համացանցում տեղադրելու և դիտումներ հավաքելու ժամանակ չեն ունեցել, քանի որ նրանց բոլորին ձերբակալել են: