ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ Ընդհանուր ժողովի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը: Վերջինս նշել է, որ լսել է այդ ելույթը, որտեղ խոսվել է ինչ-որ պայմանավորվածությունների մասին.
«Կարող եմ ասել, որ որեւէ պայմանավորվածություն փակ դռների հետեւում չի եղել: Պարոն Մարգարյանն իր խոսքում շատ հմտորեն բաց էր թողնում իրենց գործելաոճը կապված օրինակ հոկտեմբերի 2-ին, երբ իրենք ՀՀԿ-ի հետ մեկտեղ խախտեցին իրենց կողմից նշված այդ «պայմանավորվածությունը»: Խախտեցին նաեւ իրենք քվեարկության չգալով, ընտրական օրենսգրքի տապալումով: Մենք եւ ես վստահ եմ, որ մեր շատ գործընկերներ չէին հասկանում՝ իրենք կողմ են քվեարկել, թե դեմ են քվեարկելու, քանի որ խոսում էին դեմ, բայց քվեարկում էին կողմ կամ հակառակը»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է իշխանությանը, ԱԺ փոխնախագահը նշել է, որ գնահատականը ոչ թե Հրանտ Մարգարյանն է տալիս, այլ ընտրողը և ընտրողն արդեն տվել է իր գնահատականը:
Խոսելով Հրանտ Մարգարյանի այն հայտարարության մասին, թե «հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին եւ ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը»: Ալեն Սիմոնյանն ասել է. «Նախ, տուն ուղարկելուց առաջ թող իրենք ներս գան, նոր տուն ուղարկելու մասին խոսեն»:
0Comments