Պետք է տեսնենք նախարարությունների օպտիմալացման տակ ինչ տեսլական է դրված. Մարուքյան

Հասարակության ուշադրությունը բևեռել են Սփյուռքի և Մշակույթի նախարարության վրա, բայց կարեւոր է նաև Ոստիկանությունը, ԱԱԾ–ն և հարկահավաք մարմինը, որոնք պետք է լինեն խորհրդարանական հսկողության տակ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախարարությունների օպտիմալացմանը:

Վերջինս նշեց, որ գուցե նախարարությունների օպտիմալացմամբ փորձ է արվում դրանք դուրս բերել խորհրդարանական վերահսկողությունից և պետք է տեսլականը հասկանալ, թե ինչ են ուզում անել:

Մարուքյանի խոսքով Սփյուռքի և Մշակույթի նախարարություններից զատ կարևոր է նաև Ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊԵկ-ի նկատմամբ վերահսկողությունը.  «Հասարակության ուշադրությունը բևեռել են Սփյուռքի և Մշակույթի նախարարության վրա, բայց կարեւոր է նաև Ոստիկանությունը, ԱԱԾ–ն և հարկահավաք մարմինը, որոնք պետք է լինեն խորհրդարանական հսկողության տակ»:

Այն նկատառմանը, որ իշխանության ներկայացուցիչները պնդում են՝ ժամանակի ընթացքում կգան դրան, շտապողականություն պետք չէ դրսևորել, Մարուքյանը պատասխանեց, որ, երբ ժամանակին փոխվեց էդ համակարգը, որ բարձրաձայնում էին, նրանք էլ էին նույն բաներն ասում։ 2006 թվականից գալիս են դրան, հետո հեղափոխություն եղավ:

Նա մեղադրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ շեշտելով, որ նա է ուժային կառույցները բերել իր վերահսկողության տակ:

Մարուքյանը շեշտեց՝ օրինակ մարզպետն էլ ունի մի քանի փոխմարզպետ, որոնք, ըստ էության, ոչինչ չեն անում, միայն ծնունդների են գնում. «Ամեն մարզպետ ունի 2-3 փոխմարզպետ, որոնք անիմաստ, ուռճացված պաշտոններ են, էդ մարդիկ, ըստ էության, ոչինչ չեն անում։ Օրինակ, մարզպետը ինչ–որ մշակութային գործչի ծնունդի հրավեր է ստանում, մակագրում է, փոխմարզպետը գնում է ծնունդի, մենք 200 հազար եւ ավելի աշխատավարձ տանք, որ գնան ծնունդի՞։ Հիմա ինչի՞ չեն նրանց չեն կրճատում, ո՞ւմ են սպասում»,-հավելեց նա: