ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ողջունում է «Իմ քայլը» դաշինքի այն պատգամավորին, որն ԱԺ փոխխոսնակների ընտրության ժամանակ իր ձայնը տվել է ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին։
«Ոսկե տառերով այդ անձի անունը գրվեց հայոց պատմության մեջ»,- ասաց նա, սակայն չտվեց նրա անունը:
Անդրադառնալով Վահե Էնֆիաջյանի՝ Մանե Թանդիլյանին ծաղիկներ նվիրելու քայլին, Մարուքյանն այն որակեց ջենտլմենական քայլ։
Ինչ վերաբերում է ԼՀԿ-ԲՀԿ լարվածության թուլացմանը, Էդմոն Մարուքյանն ասաց․ «ԲՀԿ-ի հետ չէ մեր լարվածությունը, լարվածություն չունենք, քանի որ ընտրողը «Իմ քայլը» դաշինքն էր։ Մենք Վահե Էնֆիաջյանի հետ լարվածություն չունեինք, որովհետև նա չէր որոշելու՝ Մանե Թանդիլյանը լիներ ԱԺ փոխխոսնակ, թե ոչ»։
Պատգամավորը հիշեցրեց, իր ելույթում ասել է, որ «կրակ են բացում իշխանության վրա» և ԲՀԿ-ին հորդորել է այդ կրակն իրենց վրա չվերցնել։
ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրությունը մեկ բառով Մարուքյանը խայտառակ որակեց։
«Ինձ համար խայտառակ քվեարկություն էր, որովհետև կարծում եմ, որ մեր բերած փաստարկները որևէ հակափաստարկով չեն հերքվել»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։
ԼՀԿ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով ԱԺ մշտական հանձնաժողովների ավելացմանը, նշեց, թե ուռճացում չկա, նաև շեշտեց, որ ավելացումն իրենց համար որևէ առավելություն չի տալիս։
«Մենք ժամանակին քննադատել ենք մարդու իրավունքների հանձնաժողովի փակումը՝ վատ ուղերձ համարելով։ Հիմա սա վերադարձվում է հին տեսքին։ Քանի որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, ունենք այս կառույցում բազմաթիվ խնդիրներ, որոնք տարբեր հարթակներից բարձրաձայնում ենք, բայց լուծում չենք ստանում, առաջարկում ենք ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի այդ խնդիրներով՝ ներմուծման, արտահանման, վարորդական իրավունքների և այլն։ Մենք խորհրդարանական երկիր ենք, այս բոլոր խնդիրները չի կարելի թողնել միայն Կառավարության ուսերին։ Խորհրդարանի բյուջեի վրա սա ավելորդ ծախս չէ, մաքսիմում 132 հազար դրամ է ավելանում»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։
0Comments