Ռինգի, բոքսի, թե ով է ավելի շատ ընդդիմադիր ժամանակներն անցել են. Զոհրաբյան

Այդ ժամանակների էջը մենք, համենայն դեպս, ուզում ենք համարել փակված

 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե դեռ հարց է` ով որքան քվե է ստացել և ինչպես:

Վերջինս նշեց, որ եթե «Լուսավոր Հայաստան»-ը որևէ վերապահում ուներ ընտրությունների արդյունքների հետ կապված, ՀՀ օրենսդրությունը թույլ տալիս է, որ այդ ընտրությունները բողոքարկվեին, վիճարկվեին կամ որևէ տեղամասում «Լուսավոր Հայաստանը» արձանագրություն կազմեր ընտրությունների ոչ ճշգրիտ ընթացքի կամ խեղաթյուրված արդյունքների վերաբերյալ:

«Ես որքան տեղյակ եմ` որևէ նման արձանագրություն չկա, և «Լուսավոր Հայաստան»-ը, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Իմ քայլը» ընդունել են ընտրությունների արդյունքները»,- ասաց նա:

Անդրադառնալով Արարտ Միրզոյանի ԱԺ նախագահ ընտրվելուն և ԲՀԿ-ի կողմ քվեարկելուն՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք պետք է փորձեն նոր խորհրդարանում նոր աշխատանքային հարաբերություններ ստեղծեն:

«Մենք փորձելու ենք նոր քաղաքական մշակույթ բերել նաև խորհրդարան: Ռինգի, բոքսի, թե ով է ավելի շատ ընդդիմադիր, ով ավելի բարձր կբղավի, այդ ժամանակներն անցել են, այդ ժամանակների էջը մենք, համենայն դեպս, ուզում ենք համարել փակված»,- նշեց նա: