Այն, ինչ կատարվում է ինձ համար զարմանալի է. Զարուհի Մեջլումյան

Ներման հանձնաժողովից ապօրինաբար արտահոսք է եղել, գաղտնիությունը խախտվել է

Մենք՝ Մհեր Ենոքյանի ընտանիքի անդամներս, որևէ գործընթացի մասին տեղեկատվություն չունենք: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ցմահ ազատազրկման դատապարված Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեջլումյանը:

Անդրադառնալով այն տեղեկություներին, թե ինքը լինելով  ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակ, Մհեր Ենոքյանին ներում շնորհելու համար օգտագործում է վարչական լծակներ, Զարուհի Մեջլումյանն ասաց. «Միայն այն հանգամանքը, որ ես Պետական վերահսկողության ծառայությունում ժամանակավոր պաշտոն եմ զբաղեցնում, դա իր մեջ հանցակազմ չի պարունակում: Ծիծաղելի է, որ ես իբր ճնշումներ եմ բանեցնում, բայց իրականում չգիտեմ գործի ելքի մասին: Նույնիսկ չգիտեմ՝ երբ է քննարկումը եղել»:

Մեջլումյանի խոսքերով այն ինչ կատարվում է իր համար զարմանալի է, իսկ ներման վերաբերյալ տեղեկությունների մասին իմացել է Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Միքայել Աղաջանովի ֆեյսբուքյան գրառումից:

 «Դրանից սկսեցինք ենթադրել, որ ինչ-որ բան կատարվել է: Այնուհետեւ ինձ զանգահարում է Ջուլիետա Ամիրխանյանը՝ պատվարժան եւ ազնիվ լրագրող, ի պատիվ իրեն հրաժարվել է Մհերին սեւացնող հաղորդում նկարահանել, որն իրեն առաջարկվել է գումարի դիմաց: Նրան միջնորդավորված դիմել են այդ առթիվ: Նա այն լրագրողն էր, որը 22 տարի առաջ հանգամանորեն լուսաբանել է այս գործը եւ հրապարակել հոդված»,-ասաց Մեջլումյանը:

Նրա խոսքով՝ որպես նկարահանում պատվիրելու պատճառաբանություն նշել են, որ «հնարավոր է՝ Մհերին շուտով ազատեն»:

«Ներման հանձնաժողովից ապօրինաբար արտահոսք է եղել, գաղտնիությունը խախտվել է: «Ներման մասին» օրենքի համաձայն տուժող կողմը ոչ պետք է իրազեկվի, ոչ մասնակից դառնա այդ գործընթացին: Հնարավոր է հանձնաժողովի որոշ անդամներ, որ նախկին իշխանության ներկայացուցիչներ են, ունեցել են սերտ կապեր եւ տեղեկատվության արտահոսք է եղել, իսկ ես որեւէ տեղեկատվություն չեմ ունեցել: Մենք խիստ վրդովված ենք, ներման հանձնաժողովում այս ընթացակարգի խախտման հետ կապված, որը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մեր ճակատագրում»,- ասաց նա:

Զարուհի Մեջլումյանը հայտնեց, որ չի հավատում 22 տարի առաջ դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնողներին:

«Խոնարհվում եմ Իոսիֆի հիշատակի առաջ: Ամեն օր եմ մտածում երիտասարդի չապրած տարիների մասին, բայց ես, կներեք, չեմ հավատում Աղաջանովներին, քանի որ ուղնուծուծով ծանոթ եմ քրեական գործի նյութերին: Քրեական գործի նյութերում 2 անձ՝ Արամ Հարությունյանը և Մհեր Ենոքյանը, դատապարտվել են միևնույն հոդվածով: Դա 1961 թվականի քրեական օրենսգիրքն է: Նույն արարքի համար նրանք դատապարտվել են որպես համակատարողներ: Արամ Հարությունյանը 4 անգամ փոփոխելով ցուցմունքը, ի վերջո, մեղքի մեծ բաժինը բարդում է Մհերի վրա՝ ազատելով իրեն ծանրագույն պատժից: Մեկին տալիս են 15 տարի, մյուսին՝ մահապատիժ: Աղաջանով ընտանիքը Արամ Հարությունյանի պահով որևէ պատիժ չի պահանջում, անգամ չի ասում՝ նրան դատապարտեք»,- ասաց Մեջլումյանը:

Նրա խոսքերով, եթե դատավճռից հանեն Արամ Հարությունյանի ցուցմունքը՝ գործը կփլուզվի:

«Անգամ եթե 100 ապացույց լիներ, որ Մհեր Ենոքյանը մեղավոր է, միևնույն է, նա ունի բոլոր սահմանադրական իրավունքները, ինչ մյուս ցմահ դատապարտյալները, ովքեր 20 տարի պատիժ են կրել»,- ասաց նա:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։