Տոնական օրերին արտակարգ դեպքերի հետևանքով զոհերի ու տուժածների թիվն ավելացել է

2018թ.-ի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածն առանձնապես հագեցած չէր դեպքերով

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանն ամփոփելով տոնական օրերին գրանցված արտակարգ դեպքերը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 2018թ.-ի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածն առանձնապես հագեցած չէր դեպքերով, ինչը ողջունելի է:

«Գրանցվել է 323 պատահար, որից 111-ն՝ արտակարգ բնույթի: Զոհվել է 8, տուժել՝ 77 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 9-ով նվազել է գրանցված դեպքերի թիվը, սակայն 2-ով աճել է զոհերի և 24-ով՝ տուժածների թիվը»,-ասաց նա:

Հովհաննես Խանգելդյանի խոսքերով՝ գրանցված դեպքերի հիմնական մասը բաժին է ընկնում հրդեհներին, ՃՏՊ-ներին և թունավորումներին:

«Այս օրերին գրանցվել է 63 հրդեհ, որը նախորդ տարվանից պակաս է 2-ով, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, որը 1-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 8 զոհերից 6-ը մահացել են ՃՏՊ-ների հետևանքով, տուժածների թվի ավելացումը 21-ով ևս այս դասում է գրանցվել: Թունավորման 7 դեպք է գրանցվել, որից մահացել է 2, տուժել՝ 23 մարդ», -ասաց նա:

Վերջինս նշեց, որ թունավորումները հիմնականում եղել են շմոլ գազից, մնացած դեպքերը կենցաղային բնույթի են եղել:

Գրանցվել է կենցաղային բնույթի 140 զանգ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 18-ով: Գերակշռել են փակ դռների, ջրագծերի վնասման վերաբերյալ զանգերը: