Տոն օրերին աղբահանությամբ զբաղվել ենք ավելի ինտենսիվ. Հայկ Մարության

Քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն աշխատել են 24-ժամյա ժամանակացույցով

Երևանում տոնական օրերին աղբահանության կազմակերպումը կանոնակարգելու համար քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն աշխատել են 24-ժամյա ժամանակացույցով: Աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գնահատելով աղբահանության կազմակերպումը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շուրջօրյա աշխատանքի համար:

«Տոն օրերին աղբի ծավալը մի քանի անգամ ավելանում է՝ այդ գիտենք բոլորս, և դա ոչ միայն Երևանի խնդիրն է, այլև ամբողջ աշխարհում այդ օրերին աղբահանության կազմակերպման խնդիրներ են առաջանում: Ունեցել ենք խնդիրը, լուծել ենք, ըստ իս՝ բավարար և լավ: Հենց տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին և համոզվել եմ, որ գիշեր-ցերեկ գործընթացն իրականացվում է: Պետք է նշեմ նաև, որ եղել է արդյունքը ավելի լավ, քան անցած տարիներին, իսկ սա նշանակում է, որ աշխատանքը կազմակերպվել է ավելի լավ, մեր աշխատակազմը զբաղվել է ավելի ինտենսիվ, սրտացավ»,- նշել է քաղաքապետը:

Աղբահանության պատշաճ կազմակերպման հարցում քաղաքապետը կարևորել է նաև մայրաքաղաքում աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովումը: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում 5200 աղբաման կա, սակայն գործընթացի լիարժեք կազմակերպման համար դրանց թիվը պետք է հասնի 8000-ի: Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է քայլեր ձեռնարկել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Բացի այդ, հանձնարարվել է ավագանու հետ համատեղ աշխատանքներ տանել անհրաժեշտ նորմերի մշակման ուղղությամբ, որպեսզի տնտեսվարողներն այսուհետ ստվարաթղթե տուփերն աղբամաններում թափելու փոխարեն տեսակավորեն դրանք և հանձնեն մշակմամբ զբաղվող ընկերություններին, ինչը նաև իրենց համար է շահավետ:

Անդրադառնալով ապօրինի առևտրի խնդրի կանոնակարգմանը՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանն արդեն ոստիկանության հետ համատեղ համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու նպատակով: Միաժամանակ առևտրականներին վարչական շրջանների շուկաներում ու մի շարք այլ հատվածներում առաջարկվում են այլընտրանքային տարածքներ:

«Բոլոր վարչական շրջաններում այդպիսի վայրեր կան թե՛ գործող, թե՛ նոր ստեղծված, այս առումով մենք խնդիր չունենք: Այսինքն՝ մարդիկ անգործ չեն մնա: Ուղղակի պետք է մարդկանց արդեն գնալ, զգուշացնել, բացատրել, ասել, որ սա նախ օրենքի պահանջ է, երկրորդը՝ հանրության: Մարդիկ ուզում են՝ առևտրի վայրերը ծառայեն առևտրի համար, փողոցները՝ որպես փողոցներ, և բացի այդ, նաև թունավորման վտանգը կա: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ պետք է հրատապ այս խնդիրը լուծել: Ամեն ինչ արվում է շատ բարեհամբույր, բացատրելով, նաև մարդկանց ուղղորդելով առևտրի համապատասխան վայրեր, որոնք այս պահին շատ անգամ անվճար են տրամադրվում: Տնտեսվարողները պատրաստակամություն են հայտնել մեկը՝ մեկ ամիս, մյուսը՝ երկու, դեպքեր կան անգամ վեց ամիս ժամկետով անվճար տրամադրել տարածքները, մինչև մարդիկ ընկնեն հունի մեջ և շարունակեն իրենց գործունեությունը»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տոն օրերին «Շտապբուժօգնություն» ընկերությունը ստացել է 9334 կանչ, հոսպիտալացված քաղաքացիների թիվը կազմել է ընդհանուր կանչերի 18%-ը: Քաղաքապետն առաջարկել է Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել հատուկ նորմեր՝ կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար:

«Բնականաբար, կանչը մերժելու մասին չէ խոսքը: Անհետաձգելի կանչերին պետք է արագ արձագանքել, իսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում՝ կամ ուղղորդել բժշկական հաստատություններ, կամ զգուշացնել, որ մի քանի ժամից եթե մոտենանք, որևէ խնդիր չի կարող լինել: Որովհետև այդ քանակությամբ կանչերը, երբ սկսում ենք սպասարկել, իրական շտապ դեպքերին սկսում ենք չարձագանքել»,- ասել է քաղաքապետը:

Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներում դասընթացի լիարժեք անցկացման համար անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովված է:

Քաղաքապետ Մարությանը մի շարք հանձնարարականներ է տվել նաև բակային տարածքների բարեկարգման ծրագրի առնչությամբ: Հանձնարարվել է վերանայել խաղահրապարակների կահավորման համար համապատասխան գույքի չափորոշիչները՝ առաջնահերթ համարելով անվտանգության ապահովումը: