Ֆրանսահայ Մարկոսյանին Արցախում ծեծի ենթարկելու լուրը կեղծ է. ԱՀ ՄԻՊ

Խնդրում ու պահանջում եմ բոլոր լրատվամիջոցներից ու օգտատերերից, որ չտարածեն այդ կեղծ գրառումը՝ որպես իրականություն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է համացանցում մի քանի ժամ շարունակ շրջանառվող լուրին, ըստ որի Արցախում ծեծի են ենթարկել համասեռական Ջեյմ Մարկոսյանին:

 

Արտակ Բեգլարյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

«Քիչ առաջ մի անհայտ ֆեյսբուքյան էջ կեղծ լուր է հրապարակել, իբր թե «Արցախում դաժան ծեծի են ենթարկել ֆրանսահայ, Ամանորը Արցախում անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած՝ համասեռամոլ Ջեյմ Մարկոսյանին»: Լուրը որոշ լրատվամիջոցներ սկսել են տարածել՝ առանց ստուգելու դրա ճշմարտացիությունը:

1. Նյութում լուրի որևէ աղբյուր նշված չէ: Ավելին, ստուգել եմ նյութում առկա լուսանկարների աղբյուրը, պարզվում է, որ տվյալ էջը միտումնավոր է կեղծել լուրը՝ օգտագործելով համացանցում առկա այլ լուսանկարներ: Մասնավորապես, այդ լուսանկարները գտել եմ «Pinknews» բրիտանական կայքի՝ 2016թ. ապրիլի 14-ի մի նյութում (հղումն ու էկրանակադրը կցում եմ): 

2. Տեղեկացնեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ նման միջադեպով և անուն ազգանունով ոչ ոք չի դիմել:

3. Ոստիկանություն հարցում արեցի, և ինձ հայտնեցին, որ վերջին օրերին ոչ մի նման միջադեպ չի արձանագրվել սփյուռքահայի հետ, իսկ այդպիսի անուն ազգանունով մարդ էլ որևէ հաղորդում չի տվել իրեն ծեծելու մասին:

4. Հարցում արեցի նաև Առողջապահության նախարարություն, որտեղից էլ հայտնեցին, որ հիվանդանոցներ նման միջադեպով և նման անուն ազգանունով մարդ չի դիմել:

5. Արտգործ նախարարություն էլ հարցում արեցի, որպեսզի ստուգեն, թե արդյոք վերջին օրերին իրենց նման անուն ազգանունով օտարերկրյա քաղաքացի դիմել է վիզա ստանալու նպատակով:

6. Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքներն ու ապացույցները՝ կարող ենք եզրակացնել, որ լուրը կեղծ է, իսկ թե ինչու է այդ էջը նման կեղծ լուր հրապարակում և շահարկում արցախցիների հավաքական անունը, կարող ենք միայն ենթադրել:

7. Ուստի, խնդրում ու պահանջում եմ բոլոր լրատվամիջոցներից ու օգտատերերից, որ չտարածեն այդ կեղծ գրառումը՝ որպես իրականություն:

 

Հ.Գ. Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս: Թող բոլորդ զերծ լինեք բռնություններից, կեղծիքներից ու մարդու իրավունքների խախտումներից»: