Վերին Լարսում խցանումներ են, տասնյակ հայեր չեն կարողանում հատել անցակետը

Վրաստանի հատվածներից  մեկում ձնահոսքի վտանգ կա

Վերին Լարսում խցանումներ են, մի քանի տասնյակ հայեր չեն կարողանում  հատել անցակետը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։ Նրա խոսքով՝ խնդիրն արդեն 2 օր է՝ առկա է։

«Վրաստանի հատվածներից  մեկում ձնահոսքի վտանգ կա, սա է պատճառը, որ վրացական կողմը մեքենաների մուտքը տևական ժամանակ փակել էր։ Սակայն շատ քիչ քանակությամբ մարդատար մեքենաներին բաց են թողել մինչև վտանգն անցնի, քանի որ կարող են ողբերգական հետևանքներ լինել»,- ասաց Փամբուխչյանը։

Փոխնախարարի խոսքով՝ ինքը խոսել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի հետ, որն իր հերթին կապ է հաստատել վրացական իշխանության հետ։

«Տեղումներն արդեն իսկ դադարել են, մեզ հավաստիացրել են, որ աշխատանքներ տարվում են ու կշարունակեն տարվել»,- շարունակեց Արմեն Փամբուխչյանը։