Երեւանում ագռավազգիների անկումը հիվանդության հետեւանք չէ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Հաղորդագրությունում ասվում է.
«Զանգվածային լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են հնչում անկող թռչունների վերաբերյալ, ինչը հարուցել է մի շարք քաղաքացիների անհանգստությունը: Տեղեկացնում ենք, որ Երեւանում ագռավների անկումները որեւէ կապ չունեն երկրի այլ մարզերում, այդ թվում՝ Շիրակի մարզում արձանագրված ընտանի թռչունների անկումների հետ: Այս դեպքերն իրար հետ կապելը միայն որոշ «փորձագետների» երեւակայության արդյունք կարող է լինել: Տրամաբանությունը հուշում է, որ Երեւանում չէին կարող արձանագրվել բացառապես ագռավազգիների (չափսով մեծ թռչունների) անկման դեպքեր, եւ ոչ մի դեպք վայրի մանր կամ ընտանի, այդ թվում՝ դեկորատիվ թռչունների անկման: Հիշեցնենք, որ հայտնաբերված ագռավների մոտ լաբորատոր հետազոտությամբ հիվանդություններ չեն հայտնաբերվել, այլ առկա են եղել միայն ակնհայտ մեխանիկական բնույթի վնասվածքներ:
Ինչ վերաբերում է Շիրակի մարզում հավերի անկման պատճառներին, ապա, լաբորատոր հետազոտության արդյունքում, արձանագրվել է թռչնի Նյուքասլյան կամ կեղծ ժանտախտ հիվանդությունը: Հիվանդության պատճառը վիճակագրական ծառայության եւ գյուղում փաստացի առկա թռչունների քանակների անհամապատասխանությունն է եղել, ինչի պատճառով մի շարք թռչուններ չեն պատվաստվել: Հավելենք նաեւ, որ թռչունների Նյուքասլյան հիվանդությունը զոոնոզ հիվանդություն չէ եւ չի փոխանցվում թռչնից մարդուն:
Հ.Գ. Երեւանում անասնաբույժների կողմից իրականացվել են շրջայցեր աղբաշատ վայրերում (աղբանոցներ եւ այլ): Անկած ագռավներ եւ այլ թռչուններ չեն հայտնաբերվել:
Հաշվի առնելով նաեւ շրջանառվող լուրերն ու լաբորատոր արձանագրությունները, ագռավազգիների անկման շարունակական լինելու դեպքում, Տեսչական մարմինը կդիմի ոստիկանությանն՝ առաջարկելով «որսորդներին» բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։
0Comments