ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքը վերացնելու համար նախագիծ է պատրաստվել

Մարուքյանը հանդիպել է Դաշնային ժողովի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և համաքաղաքացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակության հետ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ՌԴ ում պատրաստվել է նախագիծ՝ հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքը վերացնելու համար:

Նա, մասնավորապես, գրել է.

«Լավ լուր ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքով աշխատելու խնդրի մասին

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության և ՌԴ պետդումայի պատգամավոր, Դաշնային ժողովի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և համաքաղաքացիների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում իմ կողմից հերթական անգամ բարձրացվեց Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը, ինչին ի պատասխան պատվիրակության անդամները տեղեկացրին, որ արդեն իսկ պատրաստվել է օրենքի նախագիծ՝ խնդրո առարկա արգելքների վերացման համար»: