Փորձագետ. վարչապետն այլեւս լրագրող լինել չի կարող

Եթե հաշվի առնենք միջազգային փորձը, ապա զարգացած երկրներում լրագրողն առհասարակ չի կարող հրապարակավ արտահայտել իր քաղաքական նախասիրությունները, քանի որ կարող է զրկվել աշխատանքից

Հայաստանի վարչապետն այլեւս չի կարող լրագրող լինել։ Այս մասին փետրվարի 15-ին ասել է մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ մարդն, ով զբաղվում է քաղաքականությամբ, հետո լրագրող դառնալով չի կարողանա օբյեկտիվ եւ անկողմնակալ նյութեր գրել այն մարդկանց մասին, ում հետ քաղաքական վեճեր կամ կոնֆլիկտներ է ունեցել։ «Զանգվածային լրատվամիջոցների գլխավոր սկզբունքը անկախությունն է։ Ըստ էության, ցանկացած ոլորտից կարելի է անցնել լրագրության, բայց դա անհնար է, եթե մինչ այդ զբաղվել ես քաղաքականությամբ։ Եթե հաշվի առնենք միջազգային փորձը, ապա զարգացած երկրներում լրագրողն առհասարակ չի կարող հրապարակավ արտահայտել իր քաղաքական նախասիրությունները, քանի որ կարող է զրկվել աշխատանքից»,- պարզաբանել է փորձագետը։ Մարտիրոսյանը միաժամանակ ընդգծել է, որ ընթերցողի համար կարեւոր է իմանալ այս կամ այն ռեսուրսի ֆինանսավորման աղբյուրը՝ ավելի լավ պատկերացնելու, թե ինչ գիծ է նա տանում։