ՀՀԿ-ն ռեբրենդինգի՞ է ենթարկվում, թե ՞ ոչնչացվում

Սերժ Սարգսյանը՝ ստվերից

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը որոշել է կասեցնել անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Նա հիմնադրել է հասարակական կազմակերպություն, զբաղվելու է նաև փաստաբանական գործունեությամբ: «Քառյակ մեդիան» հիմնադրած 4 ՀՀԿ-ականներից հետո սա արդեն 5-րդ դեպքն է, երբ ՀՀԿ առանցքային դեմքերը հեռանում են կուսակցությունից։ Արփինե Հովհաննիսյանը, ընդ որում, ոչ թե դուրս է եկել ՀՀԿ-ից, այլ կասեցրել է անդամությունը։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ՀՀԿ-ում ստեղծված իրավիճակը որոշակի հարցեր է առաջացնում. «Մենք տեսնում ենք, որ կուսակցությունը, որը անցյալ տարվա հունիսից պետք է ակտիվ ռեբրենդինգի ենթարկվեր ու վերադառնար ակտիվ քաղաքականություն եթե ոչ այս, ապա գոնե հաջորդ ընտրությունների միջոցով, դա չարեց։ ՀՀԿ-ն արտախորհրդարանական իր գործունեությամբ պետք է փորձեր հանդիսանալ Հայաստանի քաղաքական կյանքի ակտիվ գործոններից մեկը, բայց որոշակի խնդիրներ են առաջանում։ Մասնավորապես այն, թե ինչո՞ւ դա տեղի չի ունենում։ Չկա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ կա որոշակի ներքին փոխհամաձայնություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ կարող է առաջանալ այնպիսի տեսակետ, համաձայն որի՝ անցյալ տարվա ապրիլին որոշակի գործարք է եղել. «Ըստ որի՝ կուսակցության ղեկավարը չի զիջում իր դիրքերը ու թույլ չի տալիս, որ այնտեղ ռեբրենդինգ իրականացվի, իսկ փոխարենը կուսակցության նախագահի, ինչպես նաև նրա ընտանիքի ու շրջապատի նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվում տարբեր պատճառներով։ Վերջին տասը տարվա ընթացքում մամուլը շատ էր գրում «փայ մտնելու» գործընթացի մասին, բայց մենք տեսնում ենք, որ մեկ տարի է արդեն՝ այդ ուղղությամբ որևէ քրեական գործ չի հարուցվել, և նրա ընտանիքից միայն մեկն է գտնվում հետախուզման մեջ Չեխիայում այլ անձնագրով, և հստակ չէ՝ նա վերադարձվելո՞ւ է, թե՞ ոչ։ Հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ պարզապես բանավոր համաձայնություն է տեղի ունեցել»։

Քաղաքագետի խոսքերով՝ եթե կուսակցության նախագահը չհեռանա, ՀՀԿ-ն ապագա չի ունենա. «Միայն նոր ղեկավարությամբ Հանրապետականը կարող է մնալ քաղաքական դաշտում՝ որպես ակտիվ ուժ, ոչ թե արդարադատության նախարարությունում գրանցված միավոր։ Բայց այդ գործընթացը կարող է տեղի ունենալ, միայն եթե ռեբրենդինգն իրականանա»։

Ըստ Բադալյանի՝ եթե նշված փոփոխությունները տեղի չունենան, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող անձը շարունակի իշխել կուսակցությունում, ապա ՀՀԿ-ից արտահոսքն ավելի մեծ կլինի առաջիկայում։ «Երևի թե այդ կուսակցության անդամներն էլ հասկացել են, որ ինքնակործանվող կուսակցությունում մնալու անհրաժեշտություն չկա»,- եզրափակեց նա։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ն քաղաքական դաշտից դուրս չի մղվի։ «Ամեն դեպքում, այդ կուսակցությունն ունի բավական մեծ ռեսուրսներ՝ նյութական, կան նաև մարդկային ռեսուրսներ, հասարակության մեջ կա դժգոհ, նաև փոքր չափով նոստալգիկ տրամադրություններ ունեցող զանգված։ Նրանք այդ ռեսուրսը չեն անտեսի։ Սա ավելի շուտ ռեբրենդինգ կարելի է համարել, կուսակցությունը փորձում է հանդես գալ նոր դեմքերով ու գաղափարներով՝ պատրաստվելով արտախորհրդարանական դաշտում լուրջ գործողությունների։ Կարծում եմ՝ նրանց նպատակը դա է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բաղդասարյանի՝ ՀՀԿ-ում կտեսնենք նոր դեմքեր, նաև կփոխվի հռետորաբանությունը. «Նրանք կփորձեն զբաղեցնել «ռազմահայրենասիրական» դաշտը անզիջում տիրույթում։ Նրանք կփորձեն նոր իշխանություններին ներկայացնել զիջողական, ղարաբաղյան հարցում անթույլատրելի զիջումների պատրաստ իշխանություն, կշահարկեն հասարակության սոցիալական վիճակը, տնտեսական աճի բացակայությունը»։

Բաղդասարյանը եզրափակեց. «Ընտրություններից առաջ նրանք փորձում էին ներկայանալ որպես «մտահոգներ», այդպես էլ կփորձեն ներկայանալ առաջիկայում, գուցե նոր դեմքերով, բայց իրականում՝ ղեկավարվելով կուսակցության հին առաջնորդների կողմից։ Երբ ասում եմ ռեբրենդինգ՝ նկատի ունեմ, որ հին դերակատարները՝ Սերժ Սարգսյանը, կմնա ստվերում, բայց այնտեղից կփորձի ղեկավարել նոր թիմին»։

Նյութի աղբյուր՝ 1in.am