«Մենք չենք նախատեսում միանալ ՆԱՏՕ-ին, արդեն համագործակցում ենք այդ կազմակերպության անդամ երկրների հետ: Այս համագործակցությունները կշարունակվեն և ավելի կզարգանան, որովհետև մենք գիտենք խաղաղության իսկական արժեքը». շվեյցարական RTS ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետը:
«Արմենպրես»-ը հրապարակել է Դավոսի տնտեսական համաժողովի օրերին տրված հարցազրույցից մի հատված, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ռուսաստանի և Եվրոպայի միջև հավասարակշռություն պահպանելու իր նպատակադրման մասին՝ «հեղափոխելով երկրի տնտեսությունը»։ «Մենք անդամ ենք Եվրասիական տնտեսական միության, որ շատ կարևոր շուկա է մեր երկրի համար: Սակայն Հայաստանն ունի համաձայնագրեր նաև ԵՄ-ի հետ, և դա անհամատեղելի չէ: Մեր կապերը Ռուսաստանի հետ կարևոր են տնտեսական և անվտանգության տեսանկյունից, բայց մեր հարաբերությունը ԵՄ-ի հետ մեզ հնարավորություն է տալիս բարեփոխել քաղաքական, իրավական համակարգը և զարգացնել հասարակությունը՝ այն դարձնելով ավելի մրցունակ»,-ասել է Հայաստանի վարչապետը
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ քննադատելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր սահմանելու» պատճառով։ Հայտարարության մեջ Մակրոնին անվանում են «ամբարտավան» ու «չտեղեկացված»։ «Մենք ոչ մի դաս չունենք սովորելու ամբարտավան ֆրանսիացի քաղաքական գործիչներից՝ զերծ պատմության վերաբերյալ տարրական գիտելիքներից, որոնք ներկայացնում են մի երկիր, որ հայտնի է իր վայրագություններով։ Մենք ֆրանսիացի պաշտոնյաներին տարբեր առիթներով ու տարբեր մակարդակներով բացատրել ենք, որ 1915թ.-ի իրադարձությունները իրավական, պատմական ու ակադեմիական բանավեճի թեմա են։ Այնուամենայնիվ, հասկանալի է, որ նախագահ Մակրոնը փորձում է կատարել իր նախընտրական խոստումը՝ հույսով, ստանալ ֆրանսահայ ընտրազանգվածի ձայները՝ միակողմանի դրքորոշում հայտնելով թուրքերի համար շատ զգայուն պատմական հացի վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։
Մակրոնի հայտնի հայտարարությանն արձագանքել է նաև Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին: Ուլտրա ազգայնական ու խիստ պահպանողական ուղղվածություն ունեցող այս կուսակցության առաջնորդն առաջարկել է արտաքսել «Հայաստանից Թուրքիա եկած անլեգալ աշխատող հայերին»: Դեսթեջին մասնավորապես ասել է. «Այսօր Հայաստանից ապօրինի կերպով մեր երկիր եկած և այստեղ ստամոքս լցնող 100 000 հայ է ապրում: Ասում եմ՝ սրանց արտաքսենք: Սրանք մի կողմից Թուրքիայի դեմ լոբբինգ են իրականացնում, մյուս կողմից էլ մենք կերակրում ենք նրանց»:
Ազգայնամոլ գործիչը «չի զլացել» նաև Ֆրանսիայի հասցեին ոչ բարեկամական ու մեղադրական հայտարարություններ հնչեցնել:
«Հեղափոխությունից հետո բանկերը տրամադրել են նույնքան հիպոտեկային վարկ, որքան ողջ 2017 թվականի ընթացքում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակաբար նվազում են»,-ֆեյսբուքում գրել է վարչապետ Փաշինյանը: Նա նշել է. որ վարկավորման աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո: ««Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում, օրինակ, 2018թ. նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ, աճը կազմել է 41 տոկոս, իսկ 2019 թվականի հունվարին, 2018-ի հունվարի նկատմամբ, աճը կազմել է 131 տոկոս. սա նշանակում է, որ Հայաստանի ազատ, իրավատեր, երիտասարդ քաղաքացին ապագան կապում է բացառապես սեփական հայրենիքի հետ»,- գրել է վարչապետը:
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնել են, որ Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշակական կենտրոն՝ հետազոտության: Փետրվարի 7-ին բժշկական կոնսիլիում է կայացել եւ նպատակահարմար են գտել՝ տեղափոխել հիվանդանոց՝ հետազոտությունների շարք անցկացնելու: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները կրկին միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ:
0Comments