«Այսօր հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող, ընդհանուր առմամբ, 83 մասնագետներից բաղկացած խումբը ժամանել է Սիրիա»,-հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հայ մասնագետները Հալեպի՝ բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, որոշումը կայացվել է` հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները և Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:
Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու. հայտարարել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ «Իմ քայլը» խմբակցության հրավերով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ երեկ կայացած հանդիպումից հետո: «2019թ.-ի բյուջեով յուրաքանչյուր պետական հաստատության համար պարգևավճարի ֆոնդ կնախատեսվի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով: Մշակվում է կառավարության որոշում, որը պետք է կարգավորի պարգևավճարների բաշխումը: Կարծում եմ՝ ամենակարևոր հարցը վերաբերում է յուրաքանչյուր պաշտոնի համար վերին շեմ սահմանելուն, որպեսզի ղեկավարն այդ շեմով սահմանափակված լինի՝ իրեն ու աշխատողներին պարգևավճարների տրամադրման ժամանակ»,-հայտնել է Նազարյանը։
Կառավարության այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը. այսօր արտահերթ նիստում հայտարարել է վարչապետ Փաշինյանը: «Այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Կառավարության գործառույթը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին եղել է թավշյա հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը: Եվ դա հնարավորություններ ստեղծելն է: Այդ հնարավորությունները պետք է լինեն ոչ թե դեկլարատիվ, այլ մարդիկ կարողանան դա տեսնել, շոշափել, իրենց ձեռքում ունենալ այն եւ կիրառել»,-ասել է վարչապետը: Կառավարության հավանությանն արժանացած ծրագիրն ուղարկվել է Ազգային ժողով:
«Կառավարության ծրագրում խոստացված է տարեկան ՀՆԱ աճի 5–տոկոսանոց տեմպ։ Թեև դա ամենևին էլ հեղափոխական տեմպ չէ, բայց խնդիրն այն է, որ անգամ 5 տոկոսի հարցը չբացված փակագծեր ունի, որը լայն լսարանի համար արժե բացել»,-ֆեյսբուքյան էջում գրել է Անդրանիկ Թևանյանը։ «Բանն այն է, որ կառավարությունը խոստացել է տարեկան ՀՆԱ աճի առնվազն 5 տոկոսի ապահովում, բայց խոսք չկա այն մասին, թե այդ աճը լինելու է ԻՐԱԿԱ՞Ն, թե՞ ԱՆՎԱՆԱԿԱՆ։ Իսկ դա կարևոր հանգամանք է, եթե հաշվի առնենք, որ Կենտրոնական բանկը գնաճի նպատակային ցուցանիշ է հայտարարում տարեկան 4 տոկոսը։ Եթե ՀՆԱ–ն աճելու է 5 տոկոսով, իսկ գներն աճելու են 4 տոկոսով, ապա ԻՐԱԿԱՆ ՀՆԱ–ն ամենևին էլ չի աճի 5 տոկոսով, այլ ինֆլյացիան «մաքրելուց» հետո կմնա գրեթե անփոփոխ։ Գների աճի հաշվին ՀՆԱ աճ ցույց տալն աճպարարություն է, եթե ծրագրում չի հստակեցված, թե այդ աճը լինելու է ԻՐԱԿԱ՞Ն, թե՞ ԱՆՎԱՆԱԿԱՆ»,-գրել է Թևանյանը։
Ռոստովում անօրինական ապրող հայերը կեղծել են «Raffaello» կոնֆետները։ Այս մասին գրել են ռուսական լրատվամիջոցները։ Ոստիկանությունը բացահայտել է, որ կոնֆետներ արտադրող ընդհատակյա ցեխում աշխատում է հայաստանցի 19 ապօրինի միգրանտ։ Արտադրանքը նրանք մատակարարել են խանութներ։ Ստորգետնյա գործող ցեխում եղել է անհրաժեշտ ամեն ինչ՝ արտադրության կազմակերպման համար։ Տուփերը ևս տեղում են արտադրվել։ Քննչական կոմիտեն փորձաքննության է ուղարկել կոնֆետները՝ պարզելու համար, արդյո՞ք դրանք վտանգավոր չեն մարդկանց կյանքի ու առողջության համար։
0Comments