«5 լուր». համառոտ՝ կարևորի մասին. 07.02.2019

Armeniadaily.am-ը ներկայացնում


Վերջերս Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ Արցախ կատարած այցի ժամանակ ընդլայնված քննարկումներ է ունեցել Արցախի իշխանության ներկայացուցիչների և շարժման ակտիվիստների հետ, որտեղ, իբր, փորձել է Արցախին պարտադրել` գնալ միակողմանի զիջումների, որին իբրև թե որևէ հակազդեցութուն չի եղել: Հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ը զրուցել է Արցախյան շարժման ակտիվիստների հետ, ովքեր հերթով հերքել են Սամվել Բաբայանին:

 

 

Անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարությանը՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է. «Չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, ապա ակնառու է, որ դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երևանի, և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել: Դավադրության տեսություն զարգացնելու փոխարեն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»,–եզրափակել է խորհրդրանի նախագահը:

 

 

Սամվել Բաբայանին հակադարձել է նաև Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։ Հիշատակված հայտնի հանդիպումը կամ ավելի ճիշտ հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017 թ.-ին, այլ 2016-ի ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի։ «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում։ Ուստի, հորդորում եմ՝ զերծ մնալ այսօրինակ շահարկումներից»,-ասել է Հարությունյանը։

 

 

Պարզաբանում ստանալու նպատակով «Արցախպրեսը» մեկնաբանություն է խնդրել անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից, ով ասել է. «Որևէ պարտադրանք, այն էլ՝ զիջումների մասով, չի եղել։ Մենք հստակ նշել ենք, որ Արցախի կարգավիճակի ու անվտանգության մասով որևէ բացասական փոփոխություն մերժելի է մեզ համար։Սերժ Սարգսյանը խոստացել է, որ շտկվելու են ապրիլյանի ժամանակ երևան եկած բացթողումները, և պետք է նշեմ, որ այդ խոստումը կատարվել է՝ ինչպես սպառազինության մատակարարման, այնպես էլ՝ ինժեներաշինարարական աշխատանքների մասով»,- եզրափակել է Բալասանյանը։

 

 

Հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ը զրուցել է նաև Արցախյան շարժման ակտիվիստ Ռազմիկ Պետրոսյանի հետ, ում անունը հարցազրույցում հիշատակել էր Սամվել Բաբայանը՝ նրան մեղադրելով, որ, իբր, մասնակցելով այդ քննարկումներին, որևէ կերպ չի հակազդել:

«Սամվել Բաբայանը պարզաբանումների համար խորհուրդ է տվել դիմել նաև ինձ՝ որպես այդ քննարկումների մասնակցի: Հաշվի առնելով խնդրի նրբությունն ու հասարակական հնչեղությունը՝ կարևոր եմ համարում ներկայացնել այդ քննարկումների ընդհանուր բովանդակությունը:

Նախեւառաջ, հանդիպումների ժամանակ չի եղել լուծման որևէ տարբերակի պարտադրանք: Հայաստանի Հանրապետության նախագահը պարզապես խոսել է Ադրբեջանի տեսակետի եւ պահանջների մասին: Մենք էլ մեր հերթին հնարավորություն ենք ունեցել նրան ներկայացնելու մեր տեսակետը հակամարտության կարգավորման տարբերակների և գործընթացի վերաբերյալ: Դիմելով Սերժ Սարգսյանին՝ ես ասել եմ հետևյալը. «Մեր կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախցին իր երկիրը տեսնում է կա՛մ որպես անկախ պետություն, կա՛մ Մայր Հայաստանի հետ վերամիավորված»: Ի միջիայլոց, այդ ժամանակ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Սամվել Բաբայանը, մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հաղթանակների կերտման գործում, եղել են միասին»,–ասել է Ռազմիկ Պետրոսյանը: