Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ հանգստյան օրերի քունը չի կարող փոխհատուցել աշխատանքային օրերին կորցրած գիշերային ժամերը: Ընդհակառակը, շաբաթվա վերջում երկար քնելու սովորությունը կարող է վնաս հասցնել առողջությանը:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, հետազոտությանը մասնակցել է 18-ից 39 տարեկան 36 մարդ, որոնք մեկ շաբաթից ավելի գտնվել են գիտնականների հսկողության տակ, որոնք հետևել են սննդի օգտագործմանը, քնին, նաև սենյակի լուսավորության մակարդակին: Կամավորներին բաժանել են մի քանի խմբի, որոնցից մեկում նրանք քնել են 9 ժամ 9 օրում, մյուս խումբը նույն ընթացքում քնել է 5 ժամ, երրորդ խումբը՝ 5 ժամ 5 օրում, անսահմանափակ ժամանակ՝ հաջորդ երկու օրերին և ևս 5 ժամ գիտափորձի վերջին 2 օրում: Պարզվել է, որ երկրորդ ու երրորդ խմբերում մասնակիցներն ավելի հաճախ են սնվել գիշերները, քաշ են հավաքել և կորցրել զգայունությունն ինսուլինի նկատմամբ:
Հանգստյան օրերին նկատվել են չափավոր բարելավումներ, որոնք կորել են հաջորդ աշխատանքային շաբաթվա սկզբին: Միաժամանակ երրորդ խմբում հայտնաբերվել են առողջության ավելի էական խանգարումներ, քան մյուս կամավորների մոտ: Այսպես, քնի պակասի հետևանքով ինսուլինի նկատմամբ զգայունությունը նվազել է 13 տոկոսով, իսկ նրանց մոտ, ովքեր փորձում են փոխհատուցել կորցրած քունը՝ 9-27 տոկոսով, ընդ որում մկանների և լյարդի զգայունությունն ավելի վատ է եղել, քան մյուս խմբերում:
Աղբյուր` Panorama.am
0Comments