Զինվորական դատախազության ստորաբաժանումների 2018թ. գործունեությունն ամփոփելու նպատակով ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այցելել է Լոռու, Սևանի, Շիրակի, ինչպես նաև թիվ 1, թիվ 2 և թիվ 3 կայազորային դատախազություններ:
Դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ զինվորական դատախազի կողմից շեշտվել է ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ սպայական կազմի ծառայողական պարտականությունների անշեղ կատարման նկատմամբ վերահսկողությունը: Կարևորվել է հանցագործության յուրաքանչյուր դեպքին նպաստող պատճառների ու պայմանների վերհանումը, հանցագործություն կատարած զինծառայողների արագ բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելը, ինչը նախ ձևավորում է զինված ուժերում կատարած հանցավոր արարքին համաչափ պատժի անխուսափելիությունն ապահովելու համոզմունք, և իբրև այդպիսին՝ դառնում կարևոր նախադրյալ հետագա հանցագործությունների կատարումից, քրեածին վարքագծի դրսորումներից խուսափելու համար:
Զինվորական դատախազի կողմից գոհունակություն է հայտնվել զինված ուժերում կոռուպցիայի դեմ ուղղված քրեաիրավական պայքարի, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների առումով: Այդուհանդերձ, ամփոփումների ժամանակ նրա կողմից առաջնայինն է համարվել հանցագործության դեպքերի, հատկապես ծանր և առանձնապես ծանր դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերի շրջանակներում նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության լիարժեք ապահովումը: Խնդիր է դրվել քննությունների հնարավորինս արագ և արդյունավետ իրականացման նպատակով ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել նախաքննական մարմիններին քննչական անհետաձգելի գործողությունները կատարելու ցուցումներ տալու, ինպես նաև օպերատիվ-հետախուզական մարմիններին նման միջոցառումներ կատարելու հանձնարարություններ տալու ուղղություններով:
Խորհրդակցությունների ընթացքում, հաշվի առնելով յուրաքանչյուր կայազորում հանցավորության վիճակի, կատարված աշխատանքների արդյունքների առանձնահատկությունները, Վահե Հարությունյանի կողմից կայազորների դատախազությունների դատախազներին տրվել են կոնկրետ հանձնարարություններ:
0Comments