Ի՞նչ փաստաթուղթ է այսօր ստորագրվելու Սոչիում. Ռուսաստանը հանդիպումից առաջ փակագծեր է բացում

Մանրամասներ
ա

Ինչպես հայտնի է, այսօր Սոչիում տեղի է ունենալու Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են եռակողմ երեք հայտնի հայտարարությունները, տրանսպորտային եւ տնտեսական կապերի եւ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։

Վերջին մեկ շաբաթում Ռուսաստանում պետության ղեկավարի մակարդակով բավական մեծ ուշադրություն հատկացվեց Ղարաբաղյան կարգավորմանը, Հրապարակի փոխանցմամբ՝ հայտնում է URA.ru-ն։ Պուտինը այդ մասին խոսել է եւ ՀԱՊԿ Խորհրդի արտահերթ նիստի ժամանակ, եւ Վալդայ ակումբում։ Այս ամենն, իհարկե, պատահականություն համարել չի կարելի։ Ռուսական փորձագիտական շրջանակներում այս առնչությամբ հնչում են մի շարք տեսակետներ։

Այսպես, օրինակ Միջազգային հարցերի ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Բալսամովը կարծում է, որ Մոսկվայում ունեն մտավախություններ, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում կարող է բռնկվել նոր թափով եւ Մոսկվան փորձում է հաշտեցնել Երեւանին եւ Բաքվին։ «Եվ Հայաստանում, եւ Ադրբեջանում կան ռեւանշիստական խմբեր եւ կան նաեւ արտաքին ուժեր, որոնք երկու երկրներին դրդելու են նոր պատերազմի։ Չի բացառվում, որ սադրանքներ տեղի ունենան։ Ռուսաստանի թշնամի երկրների համար դա պետք է թեկուզ եւ այն բանի համար, որպեսզի խաթարեն Մոսկվայի հեղինակությունը ռեգիոնում։ Հոկտեմբերի 31-ին Սոչիում Փաշինյանն ու Ալիեւը կստորագրեն փաստաթուղթ, որը կարտացոլի ուժերի հարաբերակցությունը ներկա պահի դրությամբ։ Չի բացառվում, որ ապագայում կողմերից որեւէ մեկը կուզենա վերանայել պայմանավորվածությունները։ Ուստիեւ, հարկ է, որ Անդրկովկասյան իրավիճակ գտնվի Ռուսաստանի ուշադրության կիզակետում»,- ասել է Բալսամովը։