Մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը մեր ինքնիշխանությունը պարզապես զրոյացրեց

Մանրամասներ

1

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանությունները պատրաստվում են քրեականացնել «երկրի ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերը»։

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխել ու լրացնել ՔՕ 421-րդ եւ 422-րդ հոդվածները։ Այդ փոփոխություններից հետո քրեորեն պատժելի արարք կդիտարկվի «ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու վերաբերյալ հրապարակային կոչեր հնչեցնելը»։

Ներկայում ՔՕ նշված հոդվածներն ունեն հետեւյալ տեսքը․
«Հոդված 421. Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները

1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»։

Փոփոխությունից հետո հոդվածի վերնագիրը կունենա այսպիսի տեսք․ «Տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները»: Բացի այդ` հոդվածը կլրացվի 2-րդ մասով․

«Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով»։

Ինչ վերաբերում է 422-րդ հոդվածին, ապա առաջարկվում է հոդվածի վերնագիրը, «խախտելուն» բառից հետո, լրացնել «ինքնիշխանությունից հրաժարվելուն» բառերով, որից հետո 422-րդ հոդվածը կստանա հետեւյալ տեսքը․ «Հոդված 422. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն,ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը

1. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։

Փաստորեն, իշխանությունները պատրաստվում են քրեականացնել «ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը», ստացվում է, որ եթե մեկը որոշի հայտարարել, որ Հայաստանի համար այս փուլում լավ կլինի, որ, օրինակ, դառնա միութենական պետության մաս, դա կարող է դիտարկվել որպես ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ մասնակի հրաժարվելուն ուղղված կոչ, եւ այդ մարդու նկատմամբ կարող են քրեական հետապնդում սկսել։
Իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանին հարցրինք, թե, իր կարծիքով, ինչու է այս արարքը քրեականացվում, եւ արդյոք պա՞րզ է, թե ինչ նկատի ունեն այս ձեւակերպման տակ` ովքե՞ր են քրեորեն հետապնդվելու եւ ինչի՞ համար, այլ կերպ ասած` իրավական որոշակիության խնդիր չկա՞։

«Այս հանցակազմի առկայությունն ինքնին հասկանալի պետք է լիներ արդեն իսկ գործող Քրեական օրենսգրքում: Տարօրինակ է, որ 2022 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքում նման ձեւակերպում չկար, որովհետեւ տրամաբանական կլինի, որ քրեաիրավական պաշտպանության ենթարկվեն մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իրավաբանորեն ընկալելի կլիներ, եթե դա արվեր ի սկզբանե։ Ինչ վերաբերում է արդեն իսկ ուժի մեջ մտած օրենսգրքում փոփոխություններին, ապա ենթադրում եմ, որ այն ինչ-որ նպատակ է հետապնդում՝ կապված առաձին քաղաքական ուժերի պլատֆորմների հետ։ Այս պահի դրությամբ քաղաքական ուժեր, որոնք, ըստ էության, Հայաստանի ինքնիշխանությունից համենայնդեպս մասնակի հրաժարում են պահանջում, արեւմտյան ուժերն են, որոնք Եվրամիությանը մասնակցության գերնպատակ ունեն, եւ ԵՄ մասնակցության կոչը, փաստորեն, կոնկրետ գործողությունների առկայության պարագայում կարող է այդ հանցակազմի ներքո դիտարկվել։ Այստեղ իսկապես կա որոշակիության խնդիր, որովհետեւ, ինչպես շատ այլ դեպքերում, այստեղ եւս մենք կարող ենք բախվել թույլատրելի կարծիքի եւ քրեաիրավական արգելքի անհստակության հետ, իսկ իշխանությունները բոլոր դեպքերում վարվում են այնպես, ինչպես այդ պահին քաղաքականապես իրենց հարմար է։ Կարճ ասած՝ անհասկանալի է, թե ինչու ի սկզբանե չի եղել նման մի ձեւակերպում գործող ՔՕ-ում, եւ ինչով է պայմանավորված այս պահին դա առաջ քաշելը»։

Իսկ այս հանցակազմի տակ կարո՞ղ են մտել այն հայտարարությունները, երբ, օրինակ, վարչապետն ասում է, որ մենք այս պահին մեր ինքնիշխանության կերտման փուլում ենք, այսինքն՝ այս պահին ինքնիշխանություն չունենք կամ ունենք մասնակի։ Կամ, օրինակ, երբ ասում են, որ Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի տարածքում չէ, կամ՝ երբ ասում են, որ Սեւ լճի համար պատերազմ չեն վարելու։ «Եթե այդ ժամանակ քրեականացված լիներ, վստահ եմ, որ կարելի էր համարել, որ դրանք նույնպես ներառվում են, բայց, կրկնում եմ` օրենքը կիրառողը քաղաքական իշխանությունն է, եւ նա դժվար թե սեփական ղեկավարի նկատմամբ օրենքը կիրառեր։ Ամեն դեպքում, մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը մեր ինքնիշխանությունը պարզապես զրոյացրեց։ Այն ժամանակ, երբ այդ արարքը քրեականացված չէր, մենք ունեինք ինքնիշխանություն, հիմա մենք չունենք ինքնիշխանություն, բայց ունենք դրա քրեաիրավական պաշտպանությունը։ Պարադոքսային իրավիճակ է ստացվել»,- ասաց Մելիքյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։