Ռուսաստանը, ի պատասխան Դանիայից ռուս դիվանագետների արտաքսման, «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ռուսաստանում Դանիայի թագավորության դեսպանատան 7 աշխատակցի։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
«Դանիայի դեսպանը տեղեկացվել է, որ որպես պատասխան միջոց՝ Ռուսաստանի Դաշնությունում Դանիայի Թագավորության դեսպանատան յոթ աշխատակից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»։ Նրանք պետք է լքեն երկիրը երկու շաբաթվա ընթացքում։ Բացի այդ, մերժվել է Դանիայի դիվանագիտական առաքելության աշխատակցի վիզան», - հայտնել են նախարարությունից։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Կոպենհագենի ոչ բարեկամական գործողությունների, ինչի մասին ավելի ուշ կտեղեկացվի դանիական կողմին։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ կանչված Դանիայի դեսպան Կարսթեն Սոնդերգարդին խիստ բողոք է ներկայացվել ռուս դիվանագետների չհիմնավորված վտարման կապակցությամբ, ինչպես նաև հայտարարվել է, որ Կոպենհագենի բացահայտ հակառուսական քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին։
0Comments