Ռուսաստանը հզոր հարվածներ է նախապատրաստում Դոնբասում, Մարիուպոլում և Խարկովի մերձակայքում. Զելենսկի

Մանրամասներ

1

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի երեկոյան հերթական տեսաուղերձում զգուշացրել է համաքաղաքացիներին, որ Ռուսաստանը, նահանջելով երկրի հյուսիսում, հարվածներ է նախապատրաստում Դոնբասում, Մարիուպոլում և Խարկովի մերձակայքում։

Ռուս զինվորականները նույնպես վերջին շաբաթում խոսում են այն մասին, որ պատրաստվում են կենտրոնանալ Դոնբասի վրա։

Զելենսկին իր խոսքում ասել է, որ ռուսները նահանջում են Կիևից հյուսիս՝ Չեռնիգովի ուղղությամբ և Սումիի շրջանում։

«Բայց մենք պետք է գիտակցենք, որ ռուս զինվորականների համար դա նրանց մարտավարության մի մասն է: Մենք տեղյակ ենք նրանց ծրագրերից... Մենք գիտենք, որ նրանք հեռանում են այն տարածքներից, որտեղ մենք նրանց հարվածել ենք, որպեսզի կենտրոնանան այլ՝ շատ կարևոր տարածքների վրա, որտեղ մեզ համար կարող է դժվար լինել»,- շեշտել է նախագահը։

«Դոնբասում, Մարիուպոլի մոտ, Խարկովի ուղղությամբ ռուսական զորքերը ներուժ են կուտակում հզոր հարվածների համար: Մենք կպաշտպանվենք: Մենք ամեն ինչ կանենք զավթիչներին կանգնեցնելու և մեր երկիրը նրանցից մաքրելու համար»,- շարունակել է Զելենսկին։