Շիրակցի գերիների հարազատներին Կառավարությունից 6 ժամ է ոչ ոք չի ընդունել

Մանրամասներ

ա

Շիրակցի գերիների հարազատներին, որոնք այսօր ժամը 13։00–ից գտնվում են Կառավարության շենքի դիմաց, գործադիրի ղեկավարությունից ոչ ոք չի հանդիպել։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց մեկ տարուց ավելի գերության մեջ գտնվող հայ զինծառայողի եղբայրը։

Նշենք, որ գերիների հարազատները պարբերաբար նստացույց են արել  Կառավարության շենք դիմաց, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ  պահանջել, որ իրենց որդիների վերադարձի գործընթացը արագացվի։ Նրանց խոսքով, գերեվարվելուց հետո այս մեկ տարվա ընթացքում իրենց անընդհատ խոստացել են, որ շուտով վերադառնալու են գերիները, բայց մինչ օրս իրենց հարազատները գերության մեջ են։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։

Այս մեկ տարվա ընթացքում 62 գերուց միայն 29-ն է վերադարձվել Հայաստան։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու եւ մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։