Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին անընդունելի է համարում այն պատճառով, որ միջպետական այդ կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։ Այս մասին նշեց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Թուրքիայի նախկին արտգործնախարարի մեկնաբանությունը շատ ուշագրավ բաղադրիչներ է ներառնում։ Դավութօղլուն Ղազախստանի դիմելը ՀԱՊԿ-ին անընդունելի է համարում այն պատճառով, որ միջպետական այդ կազմակերպությունը նախագահում է Հայաստանը։
Կարծում եմ՝ Դավոթօղլուի այս բանաձեւում ամփոփվում է Անկարայի ամբողջ ուղղությունը այս կոնֆլիկտում։ Զուտ հայկական գործոնով պայմանավորելով դիմումի անընդունելիությունը՝ Դավութօղլուն ծխածածկույթ է ստեղծում»,- ընդգծեց Գանտահարյանը։
Ըստ նրա՝ երբ նույն հայտարարությունում ասվում է, որ Ղազախստանը թուրքական աշխարհի ամենակենտրոնական երկիրն է, ըստ էության, համաթուրքական ծրագրի գաղափարախոսությունն է, որ առաջ է քաշվում։ «Հայաստանի նախագահությունը շատ երկրորդական նշանակություն ունի այստեղ․ սլաքը հիմնովին եւ ուղղակի ուղղված է Մոսկվային, որը խորքային առումով ղեկավարում է ՀԱՊԿ-ն»,- շեշտեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը՝ հավելելով, որ թուրքական անհանգստությունը ռուսական զորքերի Ղազախստան տեղակայմանն է վերաբերում։ Նրա գնահատմամբ՝ սա արդեն խոսում է ռուս-թուրքական մրցապայքարի, շահերի բախման նոր ռազմավարական կետի մասին։
Գանտահարյանի կարծիքով՝ հետխորհրդային հանրապետություններից Ուկրաինայից հետո, Ղազախստանը դառնում է ռուս-թուրքական շահերի բախման երկրորդ թատերաբեմ։
0Comments