Մաքսային համակարգը զարգացող օրգանիզմ է, որը շարունակաբար հղկվել և կատարելագործվել է, արդիականացվել են ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետևողականորեն բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակը: Այս մասին նշված է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձում։
«Հարգելի՛ մաքսային ծառայողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Հայաստանի մաքսային ծառայության ստեղծման 30-ամյա հոբելյանը լավ առիթ է խոսելու անցնող տարիների համակարգի ձեռքբերումներից և քննարկելու առկա մարտահրավերները: Մաքսային համակարգը զարգացող օրգանիզմ է, որը շարունակաբար հղկվել և կատարելագործվել է, արդիականացվել են ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետևողականորեն բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակը: Զարգացման ճանապարհին մաքսային վարչարարության մի շարք գործընթացներ տեղափոխվել և շարունակաբար տեղափոխվելու են էլեկտրոնային հարթակներ՝ էապես դյուրացնելով պետություն-գործարար շփումները, առավելագույն հարմարավետություն ապահովելով նրանց ամենօրյա գործունեության համար, ինչպես նաև պայքարելով կոռուպցիայի դեմ և նպաստելով մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացմանը:
Միաժամանակ, միջազգային գործընկերների հետ հաստատվել է կառուցողական և արդյունավետ երկխոսություն: Կարևոր է արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին համակարգի բարեփոխումներն իրականացվում են միջազգային գործընկերների ակտիվ ներգրավմամբ աշխարհի լավագույն փորձի ուսումնասիրմամբ և ներդրմամբ, ինչպես նաև՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմամբ:
Սակայն համակարգը չպետք է սահմանափակվի առկա ձեռքբերումներով: Առաջիկա տարիները բեկումնային են լինելու մեր երկրում նոր որակի մաքսային ծառայություն ունենալու տեսանկյունից: Այդ նպատակին է ծառայելու նոր չափանիշներին համապատասխանող մաքսային ծառայողների ընդունելության համակարգը: Խորհրդանշական է, որ կադրային լայնամասշտաբ բարեփոխումները համընկնելու են մաքսային ծառայության ստեղծման 30-ամյակին: Նոր տարում անհրաժեշտ է ընդգծված ուշադրություն դարձնել մաքսային վարչարարության բարելավմանը, սահմանահատման գործընթացի սահուն կազմակերպմանը և սպասարկման որակի շեշտակի բարձրացմանը՝ միաժամանակ կարևորելով իրավախախտումների դեմ պայքարը:
Հարգելի՛ մաքսային ծառայողներ, Ձեր ամենօրյա աշխատանքով Դուք իրականացնում եք չափազանց կարևոր առաքելություն՝ ապահովելով Հայաստանի տնտեսական սահմանների անվտանգությունը: Մասնագիտական բարձր որակներ ունեցող և պատասխանատու մաքսային ծառայողների ամենօրյա սրտացավ աշխատանքով կերտվելու է համակարգի գալիք տարիների պատմությունը: Համոզված եմ, որ այն լինելու է ձեռքբերումներով հագեցած:
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ՝ ի նպաստ մեր պետության առաջընթացի»,-նշված է Բադասյանի ուղերձում։
0Comments