Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 18-ի նիտում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը պայմանավորված է դպրոցների աշակերտների թվի, ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչների փաստացի թվի վերաբերյալ տրամադրված տվյալների հիման վրա ՀՀ 2021-ի պետական բյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախսերում վերահաշվարկի կատարման արդյունքները պետական բյուջեում սահմանված կարգով արտացոլման անհրաժեշտությամբ:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այս նախագծով նախատեսվում է 2021-ի պետական բյուջեի ուսուցիչների ատեստավորման ուղղված միջոցները բաշխել ըստ մարզերի՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների հոկտեմբեր-դեկտեմբեր ամսիների վճարումների համար:
Նա հիշեցրեց, որ կամավոր ատեստավորման հայտ ներկայացրած 1372 ուսուցչից մասնակցել է 996-ը, որից 478 ուսուցիչ հաղթահարել է 70 միավորի շեմը եւ կստանան 30, 40 եւ 50 տոկոս հավելավճար: «Այդ նպատակով մենք վերաբաշխում ենք 77 մլն դրամ: Արդեն իսկ աշխատանքներ ենք իրականացնում հաջորդ տարի գործընթացը կազմակերպելու համար: Մյուս տարի կամավոր ատեստավորմանը կկարողանան մասնակցել 5-12 դասարաններում դասավանդող ուսուցիչները ըստ բոլոր առարկաների: Նախատեսում ենք, որ առնվազն 5 հազար ուսուցիչ եկող տարի կստանա հավելավճար»,-ասաց նախարարը:
Նա նաեւ ընդգծեց, որ այս որոշմամբ առաջարկվում է շուրջ 254 մլն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի բոլոր 23 դպրոցների ճաշարանների նորոգման եւ գույքով ապահովելու համար. «Նաեւ առաջարկվում է մոտ 881 մլն դրամ ուղղել 2021-ի կառավարության պահուստային ֆոնդ»,-ասաց Դումանյանը:
0Comments