Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կապի մեջ է եղել կոնգրեսական առաջնորդների և Բայդենի վարչակազմի պաշտոնյաների հետ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավային շրջանների վրա վերջին լայնածավալ հարձակումից հետո:
Համագումարի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Աճում է աջակցությունն Ադրբեջանի դեմ 907 Բանաձևով սահմանված պատժամիջոցների և այլ միջոցների օրենսդրական ու վարչակազմի կիրառմանը՝ Միացյալ Նահանգների վստահելիությունը վերահաստատելու և կյանքեր փրկելու համար, ինչի համար Համագումարն երախտապարտ է: Ավելին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շարունակական դերը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում՝ դավաճանություն է դաշինքի հիմքում ընկած սկզբունքներին։ Ակնկալվում է, որ Ռուսաստանի կողմից օրվա վերջում հայտարարված հրադադարը նույնքան անարդյունավետ կլինի Ալիևի ցեղասպան վարքագծի մոդելի դեմ, որքան անցյալ հրադադարները, և որքան վկայում է ռուս խաղաղապահների համեմատաբար փոքր ներկայությունը:
2021թ.-ի մայիսին Հայաստանի սահմանները հատելուց ի վեր՝ ադրբեջանական զինուժը օկուպացրել է մոտավորապես 41 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածքից և շարունակում է հարձակումներ իրականացնել՝ ձգտելով «միջանցք» ստանալ հարավային Հայաստանի տարածքով դեպի Նախիջևանի ադրբեջանական էքսկլավ ։ Նոյեմբերի 16-ի հարձակումները տեղի ունեցան Հայաստանի ամենանեղ հատվածի երկայնքով և հստակորեն ծրագրված են երկիրը երկու մասի բաժանել։ Վերջին հարձակումների արդյունքում զոհվեցին մի քանի հայ զինվորներ և գերեվարվեցին 12 հայ ռազմագերիներ։
Այս վերջին հարձակումն ակնհայտորեն խախտում է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի և 2021թ.-ի հունվարի 11-ի հրադադարի պայմանները, որոնք Ադրբեջանը բազմիցս խախտել է, և դրանով ակնհայտորեն անտեսում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի գլխավորությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմաթիվ հայտարարություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի բանաձևերը՝ հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու և հրադադարի պայմանները հարգելու վերաբերյալ: Պարադոքս է, որ Թուրքիան, լինելով միջնորդ Մինսկի խմբի անդամ, բացահայտ և ակտիվ կերպով համակարգել և հաճախ առաջնորդել է ռազմական ու դիվանագիտական քաղաքականությունը Ալիևի ռեժիմի հետ: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը նոյեմբերի 16-ին հանդիպեց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ և ընդգծեց ընթացիկ պաշարումը՝ որպես հարված ժողովրդավարությանը։
«Ադրբեջանի կողմից բռնության էսկալացիան հայկական հողում անընդունելի է», – ասաց կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի): «Հայաստանի դեմ մահացու բռնության այս աճը միայն շարունակվելու է՝ քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Պետդեպարտամենտը և միջազգային հանրությունը անհապաղ և վճռական դիվանագիտական քայլեր չեն ձեռնարկել։ Կոնգրեսական Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) ասաց, որ «այս առանց դրդապատճառի հարձակումն ուղղակիորեն խախտում է Ադրբեջանի և Հայաստանի հրադադարի համաձայնագիրը և լուրջ հիշեցում է, որ Միացյալ Նահանգները պետք է անի ամեն ինչ՝ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան կանգնեցնելու համար»:
Այդ նպատակով խիստ անհրաժեշտ է, որ վարչակազմը դադարեցնի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցման Ակտի 907 Բանաձևի կասեցումը, որով արգելվում է ԱՄՆ-ի ուղղակի օգնությունն Ադրբեջանին, և դադարեցնել ԱՄՆ ռազմական օժանդակությունը Բաքվի բռնապետական ռեժիմին, որը 2019թ.-ի ֆինանսական տարում աճել էր մինչև ավելի քան 100 միլիոն դոլար։
Այժմ ժամանակն է, որ Բայդենի վարչակազմը և Կոնգրեսը վճռական քայլեր ձեռնարկեն: Ինչպես նախագահ Բայդենը հայտարարեց անցյալ ապրիլին Կոնգրեսին ուղղված իր ուղերձում, «մենք կդիմակայենք մարտահրավերին... ապացուցելով, որ ժողովրդավարությունը դիմացկուն և ամուր է: Բռնապետերը չեն շահի ապագան»։ Համագումարը վարչակազմին կոչ է անում դադարեցնել 907 Բանաձևի կասեցումը, աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումները, որոնք շարունակում են ապակայունացնել Հարավային Կովկասի տարածաշրջանը։
0Comments