Նոր Հայաստան, նոր մաքսակետեր. Վահե Հովհաննիսյան

Մանրամասներ

ա

«Այլընտրանքային նախագաեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«2018-ին հայկական թալիբանը, գալով իշխանության, խոստացավ կառուցել «Նոր Հայաստան»։ Այս մարդիկ իրենց խոստումը քայլ առ քայլ կատարում են։ Մեկ միլիմետր չեն շեղվում իրենց նպատակից։

Երեկվանից Գորիս-Կապան ճանապարհին պետք է տեղադրվեին  ադրբեջանական մաքսակետեր։ Իրոք, սա Նոր Հայաստան է, որտեղ արդեն շատ քիչ բան է մնացել առաջվանը։

2018-ից ի վեր փոխվել է.

-       Հայաստանի տարածքը

-       Բնակչության թիվը (աննկարագրելի ծավալի մարդկային կորուստներ)

-       Պետության կշիռը

-       Պետության նպատակները, հեռանկարը, ազգային երազանքները

-       Անվտանգության համակարգը

-       Արցախի կարգավիճակը

Պետական ինստիտուտների և պետական մտածողության փոխարեն գործում է միայն մեկ օրենք՝ «Նիկոլի շարիաթը», որի առանցքն է  պատասխանատվությունը իր վրայից գցելու հիպերգաղափարը։

Արդյո՞ք մենակ է Նիկոլը. իհարկե՝ ոչ։ Նրա օգտին քվեարկած 680  հազար հայ երեկ Ադրբեջանի հետ համատեղ մաքսատուն դրեց Հայաստանի երկու քաղաքներն իրար կապող ճանապարհին։

Արդյո՞ք Հ1-ի ներկայացուցիչը բարձրաձայն կհարցնի՝ պարոն վարչապետ, բա որ երկու օր առաջ մեծ հարցազրույց էիր տալիս, ինչո՞ւ չասացիր, որ ամսի 10-ից հայկական քաղաքների միջև մաքսատուն են դնելու։

Արդյո՞ք դատաիրավական համակարգը այս երեք տարում փորձել է կասեցնել նրան և ասել՝ պատվերով քրեական գործ չեմ հարուցի։

Երկրի հրամկազմը ստորագրեց «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» ձևակերպման տակ, բայց հայ հասարակությանը դարձյալ տեղ չհասավ ուղերձը։ Արտգործնախարարությունը ողջ կազմով հրաժարական տվեց՝ խոսելով սպասվող վտանգավոր փաստաթղթերի մասին. մարդիկ հաջորդ օրը մոռացան և անցան ամենօրյա  գործերին։

Գորիս-Կապանի վրա մաքսատունը նոր իրողություն է, վստահաբար՝ առաջիկայում լինելու են այլ նոր իրողություններ. ունե՞նք, արդյոք, մենք որևէ ինստիտուտ՝ քաղաքական, պետական, քաղաքացիական, որտեղ հնարավոր է գրագետ և սառը քննարկել այդ նոր իրողությունները և մշակել անհրաժեշտ քայլերը։

-       Կարձագանքի՞ արդյոք նախագահը, կդիմի՞ ժողովրդին

-       Կլինի՞ արդյոք Անվտանգության Խորհրդի նիստ, որտեղ գոնե մեկը չի լռի

-       Ընդդիմությունն արդյո՞ք իր որոշումներ կայացնող ֆորմատներում քննարկումներ կսկսի ու գրագետ ձևակերպումներով կներկայանա հասարակությանը։

-       Եթերից կլինի՞ արդյոք հավասարակշիռ խոսք և հանրության հետ ճիշտ հաղորդակցություն, թե՞ էլի նույն հոգնեցրած ձևակերպումների ցանկը։

-       Վերջապես կլինե՞ն արդյոք հրաժարականներ։ Գոնե մեկը կտա՞ հրաժարական՝ համաձայն չլինելով գործող իշխանության քաղաքականությանը։

Այս նոյեմբերի 9-ից պետք է սկսվի «Նոր Հայաստանի» էջի փակումը։ Սա պետք է լինի հանրային լայն ընդգրկվածությամբ պրոցես։ Մոտիվացված հասարակությունը կարող է տեսանելի ժամկետներում լուծել այս խնդիրը։ Պետք է պարզապես մարդկանց ներկայացնել հաջորդ փուլի՝ արժանապատիվ, սոլիդ, արդար Հայաստանի տեսլականը՝ իր խաղի կանոններով։ Մեր խնդիրը՝ մոտիվացնել հասարակությանը, քանի որ մշտապես զորքով շրջապատված այսօրվա «բունկեր-իշխանությանը» հեռացնել կարող է միայն մոտիվացված, իրեն առաջարկվող հեռանկարը պարզ պատկերացնող  և իր արածի կարևորությունը գիտակցող հասարակությունը»։