Կորոնավիրուսի համավարակը 2020 թվականին հանգեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր կյանքի տեւողության ինդեքսի առավել մեծ տարեկան կրճատման: Այդ մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի սոցիոլոգների հետազոտությունը:
«Այնպիսի արեւմտյան երկրների համար, ինչպիսիք են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիայի Անգլիան եւ Ուելսը, վերջին անգամ կյանքի տեւողության նման զգալի մասշտաբի տարեկան կրճատում դիտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,-հայտնել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Խոսե Մանուել Աբուրտոն:
Սոցիոլոգներն ուսումնասիրել են 29 երկրի տվյալները եւ հայտնաբերել, որ դրանցից 22-ում կյանքի տեւողությունը կրճատվել է ավելի քան վեց ամսով:
Կանանց մոտ վեց երկրներում եւ տղամարդկանց մոտ 11 երկրներում կյանքի տեւողության կրճատումը կազմել է ավելի քան մեկ տարի: Ընդհանուր առմամբ կյանքի տեւողության ցուցանիշի անկում է գրանցվել 27 երկրներում:
«Այդ երկրներին հինգ-վեց տարի էպահանջվել մեկ տարով կյանքի տեւողությունն ավելացնելու համար: Ձեռք բերված առաջընթացն ի չիք է դարձել 2020 թվականին COVID-19-ի համավարակի պատճառով»,-ընդգծել է Աբուրտոն:
Կյանքի տեւողության կրճատումն ավելի շատ վերաբերել է տղամարդկանց, քան կանանց. ԱՄՆ-ում՝ 2,2 տարով 2019 թվականի համեմատությամբ: Տղամարդկանց շրջանում կյանքի տեւողության ամենամեծ կրճատմամբ երկրորդ տեղում Լիտվան է, այնտեղ տարեկան հաշվարկմամբ անկումը կազմել է շուրջ 1,7 տարի:
ԱՄՆ-ում կանանց կյանքի տեւողությունը կրճատվել է 1,65 տարով՝ 2019 թվականի համեմատությամբ: Հետազոտողները նշում են, որ ԱՄՆ-ում աշխատունակ տարիքի մարդկանց շրջանում մահացությունն ավելացել էայն դեպքում, երբ Եվրոպայում մահացության ավելացումը մեծ մասամբ վերաբերել է 60-ից բարձր տարիքի անձանց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
0Comments