Հայ-ադրբեջանական բախման պարագայում Աֆղանստանից կարող են վարձկաններ հավաքագրվել

Մանրամասներ

1

«Թվում է, թե Աֆղանստանի իրադարձությունները շատ հեռու են Հայաստանից կամ, ընդհանրապես, Հարավային Կովկասից, բայց այդուհանդերձ որոշակի ռիսկեր պարունակում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա ընդգծեց՝ խոսքը, նախ և առաջ, այն հանգամանքի մասին է, որ թալիբների իշխանության գալով՝ միջազգային ահաբեկչական կառույցները կարող են ոգեշնչվել և ակտիվացնել իրենց գործունեությունը Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում:

«Երկրորդ՝ Աֆղանստանը կարող է այդ ահաբեկիչների համար դառնալ կարևոր հանգրվան, իսկ մենք գիտենք, որ 44-օրա պատերազմի ցավալի փորձը ցույց տվեց, թե ինչպիսի բացասական դերակատարություն կարող են ունենալ այդ նույն ահաբեկիչները հենց հարավկովկասյան տարածաշրջանում: Ակնհայտ է, որ Աֆղանստանի տարածքը եթե ամբողջությամբ չվերահսկվի թալիբների կողմից, ապա հնարավոր հայ-ադրբեջանական բախման պարագայում այստեղից կարող են հավաքագրվել նաև վարձկաններ, որոնց ներկայությունը բացասաբար կարող է անդրադառնալ՝ Հայաստանի շահերի տեսանկյունից: Ուստի, այս համատեքստում որոշակի ռիսկեր կան»,- ասաց նա:

Իրանագետը գործընթացը դիտարկում է մեկ այլ հարթությունից ևս. «Եթե թալիբները բախվեն Թուրքիայի հետ (գիտեք՝ էրդողանական վարչախումբը ձգտում էր Քաբուլի օդանավակայանը պահել իր ռազմական վերահսկողության տակ), ապա ակնհայտ է, որ Թուրքիան ստիպված կլինի լրացուցիչ ռեսուրսներ ծախսել՝ աֆղանական ուղղությամբ: Եվ, բնականաբար, որքան շատ է թշնամական պետությունը տարբեր ուղղություններով ծախսում իր ռեսուրսները, փորձելով դիմագրավել առկա մարտահրավերներին, այնքան քիչ ռեսուրսներ են մնում Հայաստանի նկատմամբ օգտագործելու համար»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում