Ինչպես վերականգնել կազմվածքը՝ տոներից հետո

Մանրամասներ

Դե, ինչ, տոներն ավարտվեցին, իսկ ամանորյա ճոխ սեղանների հետեւանքով կուտակված կիլոգրամները մնացին մեզ հետ: Վիճակագրության համաձայն՝  տոնական կալորիական ուտեստները մեզ «պարգեւում են» լրացուցիչ 2-3 կգ: Եվ սա՝ լավագույն դեպքում: Շատերին անգամ 2 կիլոգրամը կարող է ավելորդ թվալ, ուստի Ամանորից հետո առաջին հերթին պետք է հոգ տանել, որպեսզի ազատվենք ավելորդ քաշից: Ստորեւ ներկայացնում ենք հինգ պարզ քայլ, որոնք կօգնեն Ձեզ այդ հարցում:

1. Դետոքս

Առաջին հերթին, օրգանիզմը պետք է մաքրել տոքսիններից եւ շլակներից: Առավոտյան գազարի կամ ճակնդեղի թարմ հյութն այն է, ինչ անհրաժեշտ է դրա համար: Աշխատեք օգտագործել այն մեկ շաբաթ շարունակ:

2. Բեռնաթափում

Տոներից հետո գոնե մեկ օր անհրաժեշտ է բեռնաթափման օր կազմակերպել: Բեռնաթափման օրը պետք է ոչինչ չուտել կամ ուտել մեկ տեսակի միրգ կամ բանջարեղեն՝ օրինակ խնձոր կամ վարունգ, եւ խմել շատ-շատ ջուր:

3. Շոգեբաղնիք

Տոներից հետո խրախուսվում է շոգեբաղնիք այցելելը, ինչի արդյունքում օրգանիզմից դուրս է գալիս 1-ից 2 լիտր ավելորդ հեղուկ:

4. Ձմեռային սպորտաձեւեր

Եթե միշտ ցանկացել եք դահուկով կամ չմուշքներով սահել, ապա հետամանորյա օրերը լավագույն շրջանն են դրա համար: Որովհետեւ ձմեռային ժամանցը ենթադրում է նաեւ ֆիզիկական ակտիվություն, ինչն ուղղակի անհրաժեշտ է այս շրջանում:

5. Նորմալ քուն

Տոնական օրերին խախտվում է նաեւ քնի ռեժիմը, ուստի Ամանորից հետո պետք է վերականգնել այն: Կարեւոր է, որպեսզի մարդը քնի ութ ժամից ոչ պակաս: Եվ ցանկալի է, որ քնելու եւ արթնանալու ժամերը մշտապես նույնը լինեն: