Սպասվող խորհրդարանական ընտրություններին իշխանությունները գնում են երկրի ղեկավարումը լիակատար ձախողած. տնտեսությունը քայքայված է, երկիրը՝ անպաշտպան, հասարակությունը՝ բարոյալքված, ապագան՝ անորոշ։ Այս պայմաններում ի՞նչ է մնում անել վերարտադրվելու համար՝ կրկին օրակարգ բերել նախկիններին ու փորձել ամբողջ մեղքը բարդել նրանց վրա։ Այն, ինչ անում էր Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի կատարման 2020թ. հաշվետվությունը Ազգային ժողովում ներկայացնելու ժամանակ։
Կառավարության անցած տարվա «ձեռքբերումներից», եթե կարելի է այդպես ասել, Նիկոլ Փաշինյանը գերադասեց չխոսել։ Չխոսեց, որովհետև կառավարությունը ոչ միայն ձեռքբերումներ չունի, այլև համատարած ձախողումներ են։ Չխոսեց, որովհետև տնտեսության բոլոր ոլորտներում ունեցանք ձախողում և խորը անկում։
Նույնիսկ գյուղատնտեսությունը, որը մինչև վերջերս փորձ էր արվում ներկայացնել աճի տեսքով, պարզվեց՝ անկումային է։ Միակ ոլորտը, որտեղ չնչին աճ գրանցվեց, արդյունաբերությունն էր կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, հանքարդյունաբերությունը։ Ընդերքի շահագործման ավելացման հաշվին տնտեսական անկման տեմպը մի փոքր թուլացավ։ Այլապես՝ շատ ավելին կլիներ։
Անցած տարվա տնտեսական անկման հետևանքով մեր երկրի ՀՆԱ-ն, որը պիտի թռիչքային ձևով աճեր, ինչպես ժամանակին հասարակությանը թյուրիմացության մեջ էր գցում Նիկոլ Փաշինյանը, գրեթե վերադարձավ 2018թ. մակարդակին։
Կառավարության անցած տարվա գործունեության արդյունքում առնվազն 2 տարի հետ գնացինք։
Իշխանությունները ձախողեցին երկրի ճգնաժամային կառավարումը։ Ծրագրերը, որոնք կոչված էին աջակցելու տնտեսությանը, ավելի ծանրացրեցին տնտեսության ֆինանսական բեռը։ Հակաճգնաժամային ծրագրերի անվան տակ պետության ունեցած առանց այն էլ սուղ հնարավորությունները փոշիացվեցին՝ չտալով ակնկալվող արդյունքը։ Միլիարդավոր դրամների սուբսիդավորում տվեցին՝ գյուղատնտեսական վարկերի տեսքով, հետո պարզվեց, որ դրանց զգալի մասը գնացել է ոչ թե գյուղատնտեսության կարողություններն ավելացնելու, այլ մարդկանց այլ կարիքները բավարարելու համար։
Կառավարության անցված տարվա և ինչո՞ւ միայն անցած, վերջին 3 տարիների գործունեության արդյունքն այն է, որ մեր տնտեսությունն ընդհանրապես զրկվել է ներդրումներ գեներացնելու տարրական պայմաններից։
Անցած տարի ունեցանք ընդամենը 117 մլն դոլարի ուղղակի ներդրումներ։
Դժվար է անգամ հիշել, թե վերջին անգամ երբ ենք ունեցել ներդրումների այսպիսի տխուր պատկեր։
Ու այսքանից հետո կառավարությունն իրեն բարոյական իրավունք է վերապահում խոսելու մեր տնտեսության ցածր արտադրողականության մասին։
Զարմանալի չէ, որ մեր տնտեսությունը, որտեղ իբր թե հեղափոխական փոփոխություններ էին տեղի ունենում, անհամեմատ ավելի մեծ կորուստներ ունեցավ, քան տարածաշրջանի ու աշխարհի շատ երկրներինը։
Զավեշտն այնտեղ է հասել, որ երկրի վարչապետը ղարաբաղյան պատերազմի պատճառներից մեկն էլ համարում է Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող «խորը համակարգային և բովանդակային փոփոխությունները», որոնք վախեցրել են Ադրբեջանին։
Տնտեսական անկումը՝ միայն անկում չէ տնտեսության մեջ։ Դրա հետևանքները շատ ցավոտ են և հատկապես՝ ֆինանսական ու սոցիալական հատվածներում։
Կառավարության անցած տարվա գործունեության արդյունքն այն է, որ 2 անգամ վերանայվեց պետական բյուջեն։ Նման բան երբևէ չէր եղել, որ նույն տարվա ընթացքում 2 անգամ վերանայվի բյուջեն և կրճատվի, այն էլ էապես՝ մի քանի հարյուր միլիարդ դրամի չափով։ Ունեցանք եկամուտների սարսափելի ցածր կատարողական, քան նախատեսել էին։ Դրա համար կառավարությունը գնաց նոր պարտքեր կուտակելու ճանապարհով, որպեսզի փակի բյուջեի դեֆիցիտը։
Կառավարության անցած տարվա գործունեության արդյունքն այն է, որ բյուջեի դեֆիցիտը հասավ աննախադեպ չափերի, իսկ պետական պարտքն ընդհուպ մոտեցավ 8 մլրդ դոլարի։
Տնտեսական անկման հետևանքը հասարակության աղքատացումն է։ Ունեինք աղքատ հասարակություն, աղքատությունն ավելի խորացավ։ Եվս մի քանի հազարով կրճատվեց զբաղվածների թիվը։
Ցավոք, կառավարության անցած տարվա գործունեության «արդյունքները» միայն տնտեսական չեն։ Կան շատ ավելի ծանր հետևանքներ՝ ղարաբաղյան պատերազմի հազարավոր զոհերը, տարածքների կորուստները, 10 հազարից ավելի վիրավորներն ու հաշմանդամները։
Կառավարության անցած տարվա գործունեության «արդյունքը» նաև համավարակի՝ 3,5 հազար, հիմա արդեն՝ 5 հազարին հասնող մարդկային կորուստներն են։
Այսպիսին են կառավարության գործունեության անցած տարվա արդյունքները։
Միակ բան, որ կառավարությունը կարողանում է անել՝ իր անկարողության հետևանքները նախկինների վրա բարդելն է։ Այդ հույսով էլ մտադիր են վերարտադրվել։ Բայց մոռանում են, որ նույն թեզիսներով արդեն մեկ անգամ եղել են իշխանության ու ոչ միայն չեն կատարել տված խոստումները, այլև ձախողել են ամեն ինչ՝ սկսած երկրի անվտանգությունից, վերջացրած տնտեսական ու սոցիալական համակարգերով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ, 168.am
0Comments