Մեր հայրենիքից որևէ տեղ գնալ չենք պատրաստվում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Արցախի ժողովուրդն այսօր շատ ամուր կանգնած է

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հավաստիացնում է ՝ Արցախի ժողովուրդն իր հայրենիքից որևէ տեղ գնալ չի պատրաստվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վահրամ Պողոսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:

«Արցախի ժողովուրդն այսօր շատ ամուր կանգնած է: Անվտանգությունից ելնելով, իհարկե, եղել են բազմաթիվ ընտանիքներ, որոնք տեղափոխվել են ավելի ապահով վայրեր, բայց, ընդհանուր առմամբ, Արցախի ժողովուրդը կանգնած է, հայ ժողովուրդը կանգնած է, և որևէ տեղ գնալ մեր հայրենիքից, չենք պատրաստվում»,- ասաց Պողոսյանը:

Վահրամ Պողոսյանը հավելեց, որ չի կարծում, թե ժողովրդի շրջանում խուճապային տրամադրություններ կան: Նրա խոսքով` հասարակությունը բավական համախմբված է: