Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը` շարունակելով հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա

Զոհրաբ Մնացականյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտում է կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը` շարունակելով հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Այս մասին նախարարը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Մոսկվայում հոկտեմբերի 9-ին ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը պետք է պահպանվի և իրականացվի: Ադրբեջանն այսօր ժամը 12:00-ից հետո շարունակել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա` խախտելով պարտավորությունները: Հենց հիմա հրթիռակոծում են Ստեփանակերտը: Սա զզվելի ագրեսիա է»,- գրել է Մնացականյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման։ Հոկտեմբերի 9-ին Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար հրադադար հայտարարելու շուրջ: