Արցախի հերոսի հարազատներն անակնկալի են եկել. նա ընտանիքին չէր ասել, որ առաջնագծում է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Էդգար Էդվարդի Մարկոսյանն այն 5 զինվորներից մեկն է, ով այսօր Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման

Էդգար Էդվարդի Մարկոսյանն այն 5 զինվորներից մեկն է, ով այսօր Արցախի նախագահի  հրամանագրով արժանացել է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման։ Նա հակառակորդի կողմից Արցախի դեմ սանձազաերծված պատերազմի այս  ժամանակահատվածում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։

«Բալիկիս էի քնեցնում, կուրսընկերս զանգեց, ես էլ շատ կամաց էի խոսում, ասաց՝ ոնց որ «Արցախի հերոսի» քրոջ ձայն չլինի, ասում եմ՝ ի՞նչ ես ասում, ասում է՝ դե էսպիսի բան է եղել»,- պատմեց բարձրագույն կոչմանն արժանացած Էդգար Մարկոսյանի քույրը՝ Լուսինեն, NEWS.am-ի հետ զրույցում։

Լսափողն անջատել, երեխային մենակ թողել ու մոր մոտ է վազել։

«Որովհետև պատկերացրեցի, թե ինչ է կատարվելու իր հետ։ Մաման չէր ֆիքսվել էն փաստի վրա, որ Էդգարը Արցախի հերոս է, մաման մի պահ կորցրեց իրեն՝ լսելով էդ լուրը, որ եղբայրս առաջնագծում է, չէր սպասում, շատ անսպասելի էր, որովհետև ինքը զանգում էր մի քանի վայրկանով, որ ընդամենը ձայնը  լսենք»,- ասաց Լուսինե Մարկոսյանը։

Էդգարն ի սկզբանե ընտանիքի անդամներին չի ասել, որ առաջնագծում է, քույրն իմացել էր, բայց միևնույն է՝ մորից գաղտնի էր պահել։

«Էդպես թաքցրեցի-թաքցրեցի, մինչև էսօր միանգամից ամեն ինչ իմացավ»,- ասաց Լուսինեն։

Արցախի երիտասարդ հերոսի հետ ընտանիքի անդամներն արդեն խոսել են։

«Ես էստեղից ոգևորված մի կերպ եմ ինձ զսպում, կոկորդս սեղմելով, արցունքներս խեղդելով, ինքը խոսում էր սովորական, ոնց որ ոչինչ չի եղել»,- պատմեց Արցախի հերոսի քույրը։

Էդգար Մարկոսյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  Կիբեռնետիկայի ֆակուլտետի բակալավրիատն է ավարտել, ապա ընդունվել մագիստրատուրա, բայց մինչ այդ զորակոչվել է բանակ։

«Էդգարը վերին աստիճանի նպատակասլաց է, ինքն ամենայն հայոց Էդգարն է, բոլորին հասնող, օգնող։ Իր շրջապատում էնպիսի մեկը չկա, որ իրեն չսիրի, չմեծարի, անգամ՝ չճանաչողները»,- նշեց Լուսինեն։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով  5 հոգի արժանացել են «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման։ Ավելի վաղ բարձրագույն կոչմանն էր արժանացել նաև  «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը։