Աստված կամենում է տալ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Սերը և վստահությունը դեղ ու բժշկություն են՝ կյանքի նեղությունների, մտահոգությունների և սրտի ծանրությունների

ա

Հունվարի 16

Լռություն: Լուռ կաց Իմ առջև: Հետամուտ եղիր իմանալ, ապա և կատարել Իմ Կամքը՝ ամեն բանի մեջ: Բնակվիր Իմ Սիրո Երկնքում, որը բոլոր մարդկանց համար Սիրո ու Ըմբռնումի մի պայծառ օթևան է: Այսպես վարվել՝ բնակվել Իմ Սիրո մեջ, քո գործն է, իսկ Իմ Գործը՝ շրջապատել քեզ պաշտպանող վահանով, որը քեզ հեռու կպահի բոլոր չարիքներից: Այս արդյունքը կլինի քո մտքի, խոսքի ու գործի, այս կլինի այլոց նկատմամբ ունեցած քո ճիշտ կեցվածքի պատասխանը:

Կամենում եմ տալ ձեզ ամենայն բարիք՝ լեցուն, թաթաղուն և հորդուն չափով: Սովորելու մեջ մի դանդաղեք: Դուք ոչ մի գաղափար դեռևս չունեք Աստվածային Անհամբերության մասին, որ կամենում է շուտով ոտքի կանգնեցնել և առաջ մղել ձեզ: Եթե մտահոգ որևէ խորհուրդ կամ անհամբեր մի մտածում համակի քո սիրտը, ապա շուտով մերժիր, հետ մղիր այն անմիջապես:

Սերը և վստահությունը դեղ ու բժշկություն են՝ կյանքի նեղությունների, մտահոգությունների և սրտի ծանրությունների: Օգտագործեք սրանք անհապաղ: Դուք խողովակներ եք: Կարող է խողովակը բոլորովին չխցանվի, բայց սրտի ցավերը, անհամբերությունը և նեղությունները մարդուն այնպես մաշեցնեն, որ ժամանակ անց այլևս ոչ մի բանի պիտանի չլինի:

Հարատևիր. բնավ մի վհատվիր: Ամեն ինչ լավ է: