Իմ մոտ այն տպավորությունն է, որ նոր իշխանության պայմաններում առանձին ոլորտների ղեկավարները չեն համարձակվում լուրջ ծրագրեր իրականացնել. տնտեսագետ

Տնտեսագետ Արա Գալոյանի կարծիքով անընդհատ նշվում է, որ գումար կա, սակայն չկան համարժեք ծրագրեր

ՀՀ կառավարությունն ավելի շատ եկամուտներ է գեներացնում, քան ծախսում: Այս մասին Sputnik Արմենիայիհետ զրույցում ասաց տնտեսագետ Արա Գալոյանը։

Տնտեսագետն առանձնացնում է երկու պատճառ: Մեկն այն է, որ կառավարությունը վստահ չէ, որ բյուջեի նման մուտքերը հետագայում շարունակական կլինեն, այսինքն՝ եկող տարի հնարավոր կլինի նույնչափ բյուջետային մուտքեր ապահովել, երկրորդ`առկա է շատ ավելի ցավոտ իրողություն՝ ծրագիր չկա, ի՞նչ անեն:

«Իմ մոտ այն տպավորությունն է, որ նոր իշխանության պայմաններում առանձին ոլորտների ղեկավարները չեն համարձակվում լուրջ ծրագրեր իրականացնել: Ուղղակի համարձակության պակաս կա: Գերադասում են ոչինչ չանել, որպեսզի չսխալվեն, իսկ չսխալվելու նպատակով ոչինչ չանելն ամենամեծ սխալն է»,-նշեց Գալոյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ անընդհատ նշվում է, որ գումար կա, սակայն չկան համարժեք ծրագրեր: Փաստորեն կառավարությունը լուրջ տնտեսական բարեփոխումների ծրագիր չունի: Միակ բանը, որի մասին խոսում են, ճանապարհաշինարարությունն է, սակայն մեծ քանակությամբ շինտեխնիկայի ներկրումներ չկան, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ էլ հնարավոր չէ զարկ տալ մեծ չափերով աշխատանքներին:

Գալոյանի համոզմամբ՝ եթե լուրջ բան չենք մտածում, ապա տնտեսությունը չի կարող շատ մեծ գումար քաշել բյուջեից: Անհրաժեշտ է նոր ծրագիր, մինչդեռ անգամ նոր տենդերներ չեն հայտարարվում, որոնց կարողանան մասնակցել արտասահմանյան կազմակերպությունները:

Աղբյուրը՝ armeniasputnik.am