Քոչարյանի փաստաբանը պարբերաբար այցելել է ՍԴ, սակայն նրա մուտքը չի ֆիքսվել

Տելեգրամի ալիքը հայտնում է՝ կարգադրությունը տվել է ինքը՝ Հրայր Թովմասյանը, և Արամ Օրբելյանը հունիսից ելումուտ է արել ՍԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը տասնյակ անգամներ այցելել է Սահմանադրական դատարան, սակայն նրա մուտքը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրահանգով չի ֆիքսվել այցելությունների գրքում: Այս մասին հայտնում են Տելեգրամի Բաղրամյան 26 ալիքի աղբյուրները ՍԴ-ում՝ հիշեցնելով, որ Օրբելյանը Հրայր Թովմասյանի սանիկն է:

Տելեգրամի ալիքը հայտնում է՝ կարգադրությունը տվել է ինքը՝ Հրայր Թովմասյանը, և Արամ Օրբելյանը հունիսից ելումուտ է արել ՍԴ, սակայն նրա որևէ այց չի արձանագրվել, որպեսզի ոչ մի տեղ փաստաթղթային ապացույց չլիներ այն մասին, որ Քոչարյանի փաստաբանն այցելել է ՍԴ նախագահին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ նման այցեր եղել են Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքում, և այդ հանդիպումների ժամանակ քննարկվել է հարցը՝ ինչպես կարելի է փակել այս քրեական գործը: